Գլխավոր Լրահոս

Ավելի շատ կալանավոր, քան դատապարտյալ․ Հայաստանում կալանքը շարունակում է գործել որպես պատիժ

Ավելի շատ կալանավոր, քան դատապարտյալ․ Հայաստանում կալանքը շարունակում է գործել որպես պատիժ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան 

Հայաստանի քրեական արդարադատության համակարգում կալանքը շարունակում է մնալ ամենահաճախ կիրառվող խափանման միջոցներից մեկը: Թեև իրավապաշտպան խմբերը բազմիցս բարձրաձայնել են կալանքի չարաշահման և անհամաչափ կիրառման մասին, գործնականում այն հաճախ է կիրառվում։ Խնդիրն առավել ակնդետ է դառնում քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց դեպքում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրության և երկարացման ձևով։

Ելնելով զուտ վիճակագրական տվյալներից՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների թվին: 

Այսպես, եթե 2024-ին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը կազմել է 2686, ապա այդ անձնացից միայն 1285-ն է եղել դատապարտյալ։ 1401-ը եղել է կալանավորված անձ:

Ահա նաև վերջին երեք տարվա դինամիկան, որտեղ երևում է, որ էական փոփոխություններ չեն արձանագրվել.

- 2024 –   ընդհանուր՝ 2686, դատապարտյալ՝ 1285, կալանավորված անձ՝ 1401

- 2023  – ընդհանուր՝ 2469, դատապարտյալ՝ 1152, կալանավորված անձ՝ 1317

- 2022 – ընդհանուր՝ 2265, դատապարտյալ՝ 1055, կալանավորված անձ՝ 1210

Այսպիսով, պարզ է դառնում, որ կալանավորված անձանց թիվը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գերակշռում է դատապարտյալների թվին, ինչը մտահոգության լրջագույն առիթ է, հատկապես այն դեպքում, երբ 2021-ի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հնարավորություն է տվել նոր հայեցակարգային մոտեցման՝ կապված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման բազմազանության հետ:

Ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 115-րդ հոդվածի՝

1. խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները,

2. այլընտրանքային խափանման միջոցներն են`

- տնային կալանքը,

- վարչական հսկողությունը,

- գրավը,

- պաշտոնավարման կասեցումը,

- բացակայելու արգելքը,

- երաշխավորությունը,

- դաստիարակչական հսկողությունը,

- զինվորական հսկողությունը:

Այլ կերպ ասած, խափանման միջոցների համակարգն ուղղված է դատական մարմիններին այնպիսի երաշխիքներ տրամադրելուն, որ մարդու ազատության և անձեռնմխելիության իրավունքին հասցված վնասը նվազագույն լինի, ինչպես նաև, մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովվի նրա իրավունքների հնարավորինս նվազ սահմանափակմամբ:

Այս համատեքստում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ կայացրած որոշումներում տվել է հստակ դիրքորոշում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ: Նույնիսկ եթե անձը եղել է փախուստի և հետախուզման մեջ, և Հայաստանի դատական համակարգը հենց այդ հիմնավորումն է բերել կալանքը երկարացնելու համար, ՄԻԵԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Մասնավորապես, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի 2022-ի ապրիլի 7-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռը, որի շրջանակում քննվել է Նիկոլ Փաշինյանի` 2009-ի հոկտեմբերի 12-ից 2010-ի հունվարի 19-ը նրան ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ դիմումը,  արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, դիմումատուի համար չի ապահովվել համարժեք պաշտպանություն կամայականությունից, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանավորման օրինականության պահանջի հիմնական տարրերից է:

Ընդհանուր առմամբ, 2018-2022 թթ. Հայաստանի դեմ 19 վճիռ է եղել՝ կապված կալանքի կիրառման հետ, որոնք, իհարկե վերաբերում են նախորդ իշխանության ժամանակահատվածում տեղի ունեցած խախտումներին, այդ թվում՝ Ղավալյանն ընդդեմ Հայաստանի (22․10․2020), Սմբատ Այվազյան ընդդեմ Հայաստանի (08․10․2020), Ոսկերչյան ընդդեմ Հայաստանի (18․10․2018), Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի (16․05․2022), Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի (04․11․2021), Գասպարին ընդդեմ Հայաստանի (20․09․2018), Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի (20․09․2018) և այլն: Այս բոլոր վճիռներով Հայաստանի դատարանները անօրինական կերպով կալանքն ընտրել են որպես խափանման միջոց՝ ուղղակիորեն դակելով քննչական մարմնի միջնորդությունը, հստակ և պատշաճ չհիմնավորելով կալանավորման անհրաժեշտությունը և վնաս հասցնելով ազատության և անձեռնմխելիության մարդու հիմնարար իրավունքին:

Այսպիսով, այս մոտեցումները վկայում են համակարգային խնդիրների մասին՝ նախնական կալանքի գերօգտագործում, անհատականացված գնահատման համակարգի բացակայություն, դատական վերահսկողության լրջագույն բացթողումներ։ Դատարանները հիմնականում բավարարում են քննչական մարմինների միջնորդությունները՝ առանց խորքային քննության, դատարանների որոշումները հաճախ կաղապարային են և չեն անդրադառնում կոնկրետ գործի հանգամանքներին, այլընտրանքային խափանման միջոցները իրենց ողջ բազմազանությամբ չեն կիրառվում, և արդյունքում հանրային ընկալման մեջ ձևավորվում է մոտեցում, որ կալանքը գործիք է՝ քրեական վարույթի շրջանակներում անձի ճնշման և վերահսկողության համար, այլ ոչ անհրաժեշտություն։

Ցավոք, հարկ է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում տասնամյակներով կիրառվող պրակտիկաները չեն փոխվում, և եթե այժմ մենք ստանում ենք ՄԻԵԴ վճիռներ նախորդ իշխանության ժամանակահատվածում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ, ապա նման որոշումներ մենք ունենալու ենք նաև հաջորդիվ՝ մերօրյա դատարաններում կիրառվող կալանավորուման որոշումների օրինականության դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում