Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով

«Պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախչելու, ո՛չ կառավարությունն է փախչելու, ո՛չ պոլիկլինիկաները…»,- դեկտեմբերի 26-ին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին քննարկվում էր 2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Վարչապետի մտավախությունը, որ առողջապահական համակարգը ի զորու չէ միանգամից մեծ թվով բուժառուների սպասարկել, տեղին է. առողջության պարտադիր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտնում լրջագույն խնդիրներով։
Առաջին փուլում համակարգի շահառու է դառնում ավելի քան 1 մլն մարդ՝ մինչև 18 տարեկանները, 65-ն անց քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար կվճարի կառավարությունը։ Աշխատավարձ ստացողները ստիպված կլինեն իրենց եկամտից հատկացնել բժշկական ապահովագրությանը։
Ըստ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի հիմնավորման՝ համակարգի ֆինանսավորման համար 2026-ին նախատեսվում է 220 մլրդ դրամ, իսկ 2027 և 2028 թվականների համար՝ 260 և 300 մլրդ։
Բարեփոխման մեկնարկը՝ առանց օպերատորի
Առողջապահական այս բարեփոխումը ուժի մեջ է մտնում առանց համակարգի ինտեգրված օպերատորի, որը այս մոդելի առանցքային բաղադրիչն է։
Առողջապահության նախարարությունն առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների օպերատորի երկփուլ մրցույթը հայտարարել է միայն 2025-ի դեկտեմբերի 12-ին, այն դեպքում, երբ համակարգը գործարկվում է 2026-ի հունվարի 1-ին։ Այսինքն՝ կառավարությունը փաստացի ընդունում է, որ համակարգի կառավարման, հաշվարկման, վերահսկման և թվային ապահովման հիմնական օղակը գոյություն չունի այն պահին, երբ քաղաքացիներից արդեն սկսել է գումարներ հավաքագրել։
Խոսքը երկրորդական տեխնիկական օղակի մասին չէ։ Օպերատորի վրա են դրվում շահառուների միասնական ռեգիստրի վարումը, ապահովագրական փաթեթների կառավարումը, ակտուարական հաշվարկներն ու ռիսկերի կանխատեսումը, պահանջների և խարդախության կառավարումը (այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ), բժշկական հաստատությունների հետ թվային ինտեգրումը, շահառուների պորտալի և բջջային հավելվածի գործարկումը, ինչպես նաև տվյալների փոխգործելիությունը Պետական եկամուտների կոմիտեի, Գանձապետարանի և էլեկտրոնային առողջապահության համակարգերի հետ։ Այլ կերպ ասած՝ առանց օպերատորի արդեն ներդրված և աշխատող համակարգերի համընդհանուր ապահովագրությունը պարզապես չի կարող (արդյունավետ) գործել։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում «չգրոհելու» գործընթացը, երբ ինքն է որոշում ընդունում համակարգը գործարկել առանց դրա կառավարման ենթակառուցվածքի։ Ինչո՞ւ է կառավարությունը գնում քայլի, որը նախապես անկառավարելիության մեծ ռիսկ է ստեղծում։
Լուրջ հարցեր է առաջացնում նաև օպերատորի ընտրության մրցույթի ժամանակացույցը։ Մրցութային պահանջները ենթադրում են միջազգային փորձ ունեցող ընկերության մասնակցություն՝ առնվազն երեք երկրում և մեկ միլիոն շահառու ունեցող համակարգերի կառավարման փորձով։ Իրատեսակա՞ն է, որ նման ընկերությունը կարող էր ընդամենը երկու շաբաթում տեղեկանալ մրցույթի մասին, պատրաստել ֆինանսական և տեխնիկական ծավալուն փաստաթղթեր և ներկայացնել հայտ։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս է ապահովվելու մրցույթի իրական մրցակցայնությունը։ Ի՞նչ խողովակներով է Հայաստանի կառավարությունը այս մրցույթի մասին իրազեկել դրսի ընկերություններին, կամ իրազեկե՞լ է արդյոք ընդհանրապես։
Հստակ չափանիշների բացակայություն
Համակարգը գործարկվում է առանց պատկերացման, թե ինչ չափանիշներով, գործելակարգերով են մատուցվելու ծառայությունները։ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ գործելակարգերը կհաստատվեն, բայց կառավարության որոշման մեջ նշվում է, որ ծառայությունները մատուցվելու են «Առողջապահության նախարարության կողմից հաստատված գործելակարգերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան մասնագիտացված ասոցիացիայի կողմից առաջարկվող միջազգային կլինիկական ուղեցույցների հիման վրա»։ Առանց ամբողջական հաստատված չափանիշների և գործելակարգերի, տեսականորեն անհնար է ֆինանսական հաշվարկներ կատարել համակարգի ծախսերի մասով։
Ընդհանրապես հարց է՝ առողջապահական հաստատությունների, բժիշկների քանակը, սարքավորումների և ծառայությունների որակը համապատասխանո՞ւմ են նման համակարգ Հայաստանում ներդնելուն։ «Առողջապահության նախարարության պարզաբանումները e-draft հարթակում հիշեցնում են լավատեսական սպասումների ցանկ։ Նախարարությունը խոստանում է 50 բժշկական կենտրոնների վերակառուցում և տարեկան ընդամենը 58 նոր մասնագետի ուղղորդում դեպի մարզեր, ինչը ցույց է տալիս, որ համակարգը առողջապահական հաստատությունների կամ մասնագետների մասով պատրաստ չէ։
Բարեփոխում՝ ներքաղաքական նպատակահարմարությամբ
Կառավարությունը առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը խոստանում էր դեռ նախորդ ընտրություններից։ 2026-ի ընտրությունների պատկերին որպես կատարված խոստում բարեփոխման նման իրականացումը պետական կառավարման կոմպետենցիայի վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում։
Բարեփոխման այս ձևով իրականացումը հիշեցնում օդանավի թռիչք, երբ տոմսերը վաճառված են, ուղևորներն արդեն նստած, շարժիչները միացված, բայց կառավարման խցիկում դեռ օդաչու չկա։
Հայաստանի Հանրապետությունն ուղևորության համար վճարելու է 220 մլրդ դրամ 2026-ի համար, իսկ աշխատավարձ ստացող յուրաքանչյուր քաղաքացի՝ առնվազն 120,000 դրամ։
Read the article in English: Armenia’s universal health insurance reform begins with key elements missing
Կարեն Հարությունյան










