Human Rights Watch-ի զեկույցը սկզբունքային բացթողումներ ունի

Human Rights Watch-ը հրապարակել է Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի տարեկան զեկույցը։ Նկատեցի, որ զեկույցում հիշատակում չկա կառավարություն-եկեղեցի հակամարտության և իրավունքների խախտումների մասին։ Որպեսզի հարցս ուղղորդող չլինի, ChatGPT-ին հարցրեցի՝ «այս զեկույցում ի՞նչը տեղ չի գտել»։ Տվեց վեց խումբ պատասխան, որոնցից առաջինը հետևյալն էր.
«Զեկույցում չկա առանձին անդրադարձ վերջին շրջանում սրված հարաբերություններին պետության և Հայ Առաքելական եկեղեցու միջև՝
- հոգևորականների նկատմամբ քրեական գործեր,
- եկեղեցու ներքին ինքնավարության հարց,
- կառավարության հռետորաբանության ազդեցությունը կրոնական ազատության վրա»։
Սա արդեն ես եմ գրում։ Բառացիորեն այսօր և երեկ Հայաստանում կրոնական ազատությունների խնդիրների մասին բարձրաձայնեցին Christian Solidarity International և FOREF Europe կազմակերպությունները՝ ի շարս տարբեր խախտումների նշելով նաև երկրի սահմանադրությամբ երաշխավորված կրոնական իրավունքների խախտումները։
Human Rights Watch-ի զեկույցը անդրադառնում է խոսքի ազատությանը, պետական տեսահսկմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ԼԳԲՏ համայնքի, ընտանեկան բռնության, բռնի տեղահանված արցախիցների սոցիալական խնդիրներին և այլ հարցերի։
Զեկույցում, սակայն, զարմանալիորեն բացակայում է կառավարություն-եկեղեցի հակամարտության համակարգային գնահատումը, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումները, եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտությունը և կառավարության հռետորաբանության ու գործողությունների ազդեցությունը կրոնական ազատությունների վրա։
Որևէ խոսք չկա նաև գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի դեմ խնդրահարույց հիմքերով և խիստ քաղաքականացված քրեական գործի, նրա կալանավորման ու քաղաքական իրողություններով պայմանավորված՝ նրա բիզնեսների դեմ արշավի մասին։ Կարապետյանի կալանավորումը, մինչդեռ, տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ նա աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։
Խոսքի ազատության հատվածում որևէ խոսք չկա կալանավորված պոդկաստերներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի մասին։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ամիսներ առաջ գրած հոդվածում ահազանգում էր, որ Հայաստանում կալանքը շարունակում է գործել որպես պատիժ, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը արդեն մի քանի տարի գերազանցում է դատապարտյալների թվին, ինչը խոսում է նախնական կալանքի ինստիտուտի գերօգտագործման մասին։
Այս դեպքերը խորացնում են այն մտահոգությունը, որ իրավապահ համակարգը աստիճանաբար վերածվում է քաղաքական և գաղափարական հակառակորդների զսպման գործիքի։ Այդ ընկալումը հատկապես վտանգավոր է կրոնական ազատության համատեքստում, որտեղ պետության չեզոքությունը պետք է լինի հիմնարար սկզբունք։
Իսկ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի և ՍիվիլՆեթի համատեղ նախագիծը՝ DemocracyWatch-ը, 2025-ի տարեվերջյան ամփոփիչ հոդվածում անդրադառնում է Հայաստանում արձանագրված ժողովրդավարական հետընթացին՝ այն դիտարկելով ոչ թե մեկուսացված դեպքերի, այլ համակարգային հակաիրավական զարգացումների համատեքստում։ Զեկույցի առանցքում իրավապահ և դատական համակարգերի գործիքայնացումն է, որոնք գնալով ավելի շատ են կիրառվել ներքաղաքական նպատակներով՝ խաթարելով օրենքի գերակայության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։
Տե՛ս՝ 2025․ Ժողովրդավարական հետընթացի տարի Հայաստանում
Խնդիրը միայն առանձին գործերը չեն, այլ այն միջավայրը, որտեղ քրեական հետապնդումը դառնում է քաղաքական հարցերի լուծման հիմնական լեզուն։
Հայաստանի միջազգային գործընկերների շրջանում երբեմն կա ընկալում, թե «ժողովրդավարական իշխանությունը պայքարում է հակաժողովրդավարական ուժերի դեմ», և այդ տրամաբանության ներքո իրավունքների որոշ խախտումներ ընդունելի են «կողմնակի էֆեկտ»։ Ես չեմ կարծում, որ Human Rights Watch-ի զեկույցը գրվել է հենց այդ մոտեցմամբ։ Սակայն զեկույցում կարևորագույն զարգացումների շրջանցումները չեն կարող չգնահատվել որպես սկզբունքային բացթողում։
Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանական լինել՝ կախված քաղաքական և այլ դերակատարների նկատմամբ մեր համակրանքից կամ հակակրանքից։ Սկզբունքը վեր է անձերից, կուսակցություններից և քաղաքական նախապատվություններից։
Կարեն Հարությունյան










