Գլխավոր Լրահոս

Կեղծ մրցույթ, իրական վտանգ․ «Երևան Սիթիի» անունից կեղծ գրառումներ են տարածվում

Կեղծ մրցույթ, իրական վտանգ․ «Երևան Սիթիի» անունից կեղծ գրառումներ են տարածվում

Սոցիալական ցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից, որոնցում պնդվում է, թե ընկերությունը լվացքի մեքենաներ է խաղարկում։ Խաղարկության պայմանները չափազանց պարզ են․ օգտատիրոջից պահանջվում է պարզապես ընտրել նկարում պատկերված համարներից մեկը, որոնցում իբր թաքնված են նվերներ և մրցանակներ։  

«Ընտրեք 1-ից 12 համարը ներքևում։ Ներսում կա 8 անակնկալ։ Մնացել է 130 հաղթող»,- նշված է Yerevan City Fans ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Սակայն այս «մրցույթները» կեղծ են։ Դրանց հիմնական նպատակը օգտատերերի անձնական և բանկային տվյալները կորզելն է։

Ինչպես է գործում կեղծ մրցույթի սխեման

Գրառումը տարածող Yerevan City Fans ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 158 հետևորդ, սակայն էջի հրապարակումները հարյուրավոր տարածումներ (share) են ստանում։ Էջում տեղադրված գրառումները բացառապես վերաբերում են մրցույթներին և խաղարկություններին։

Հրապարակումներից մեկում առաջարկվում է գտնել նկարում պատկերված «ճիշտ» ծրարը, որի դեպքում, ըստ գրառման, կարելի է շահել սառնարաններ, հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա։ Մեկ այլ գրառմամբ էլ նշվում է, որ «հաջողակ» թիվը գտնելու դեպքում օգտատերը կարող է մեքենա շահել։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջից

Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրապարակումներում օգտագործվում է @pengikut բառը, որը ինդոնեզերեն բառ է, այն համարժեք է անգլերեն @everyone-ին:

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և www.yerevan-city.am կայքում որևէ հղում չկա վերոնշյալ Yerevan City Fans էջին կամ դրա նախաձեռնած միջոցառումներին։ Ավելին, սուպերմարկետների ցանցը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում պարբերաբար զգուշացնում է կեղծ էջերի և կեղծ մրցույթների մասին։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է տարբեր սուպերմարկետների անունից՝ այդ թվում «Երևան Սիթիի» անունից տարածվող կեղծ գրառումներրին։ 

Զեղծարարները, որպես կանոն, գործում են հստակ մշակված սխեմայով։ Սկզբում ֆեյսբուքում տարածում են խաղարկությունների վերաբերյալ գրառումներ։ Այնուհետև մեկնաբանություն թողած օգտատերերին ուղարկվում են անձնական հաղորդագրություններ, որոնք պարունակում են ֆիշինգային կայքերի հղումներ։

Այդ կայքերը արտաքին տեսքով կարող են նմանակել սուպերմարկետի պաշտոնական կայքին։ Գրանցվելու կամ «նվերը ստանալու» պատրվակով զեղծարարները պահանջում են մուտքագրել անձնական տվյալներ և բանկային քարտի մանրամասներ։ Որոշ դեպքերում հղումները կարող են պարունակել նաև վնասակար ծրագրեր, որոնք վարակում են օգտատիրոջ սարքը և գողանում գաղտնաբառեր։

Այսպիսով, Yerevan City Fans ֆեյսբուքյան էջի անունից տարածվող գրառումները մրցույթների և խաղարկությունների վերաբերյալ, կեղծ են։ Իսկ սուպերմարկետի անունն օգտագործվում է վստահություն շահելու համար։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում