Գլխավոր Լրահոս

Օսկարակիր Նատալի Մուստեատայի «հայկական ծագման» մասին պնդումները չեն հաստատվում. Թարմացված

Օսկարակիր Նատալի Մուստեատայի «հայկական ծագման» մասին պնդումները չեն հաստատվում. Թարմացված

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

20.03.2026

Թարմացում․ Հոդվածի հրապարակումից հետո տարածվել են նոր հարցազրույցներ կինոռեժիսոր Նատալի Մուստեատայի հետ, որտեղ նա խոսել է իր հայկական ծագման մասին։ Այս տվյալները նախկինում բաց աղբյուրներում չէին արձանագրվել, և դրանց հիման վրա վերանայվել է նախորդ գնահատականը։

Մանրամասները՝ այստեղ։ 

Հայկական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե մարտի 15-ին կայացած «Օսկար»-ի մրցանակաբաշխության հաղթող կինոռեժիսոր Նատալի Մուստեատան հայկական արմատներ ունի։

«Հայկական ծագում ունեցող Նատալի Մուստեատան արժանացել է «Օսկարի»՝ լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմի համար»,- գրել է Zartonq Media-ն

Այս ձևակերպմամբ հրապարակումներ են արել նաև The Armenian Report, Huys Media, bravo.am-ը, style.news.am-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող Armenian Film Society-ն։ 

Սակայն կինոռեժիսորը իր բոլոր հարցազրույցներում նշել է, որ ծագումով Ռումինիայից է, և վերոնշյալ հայկական լրատվամիջոցներից բացի որևէ այլ աղբյուրում նրա հայկական արմատների մասին չի նշվում։

Որտեղի՞ց է եկել ազգությամբ հայ լինելու պնդումը

ԱՄՆ-ի «Դոլբի» թատրոնում մարտի 15-ին կայացած «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության ընթացքում Նատալի Մուստեատայի և Ալեքսանդր Սինգհի «Երկու մարդ փոխանակվում է թքով» ֆիլմը արժանացել է «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգի մրցանակին։ Ֆիլմը ֆրանսալեզու հակաուտոպիստական ստեղծագործություն է։

Լրատվամիջոցները, անդրադառնալով Մուստեատայի՝ «Օսկար» մրցանակ ստանալուն, նշել են, թե կինոռեժիսորը իր հայկական արմատների մասին խոսել է սցենարիստ Ջոն Օգըսթի հետ հարցազրույցում։

«Իմ ընտանիքը Հայաստանից է։ Նրանք Ֆրանսիա են տեղափոխվել աքսորի հետևանքով։ Ես մեծացել եմ երկու լեզուներով»,- հարցազրույցի ժամանակ իբրև ասել է Մուստեատան։
Սակայն Ջոն Օգըսթի հետ աուդիո հարցազրույցում հստակ չի լսվում՝ Մուստեատան ասում է Armenia, թե Romania։ Այս երկու բառերի հնչողության նմանությունն էլ, ամենայն հավանականությամբ, դարձել է շփոթի պատճառ։

Նատալի Մուստեատան ունի՞ հայկական արմատներ

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց Մուստեատայի այլ հարցազրույցները, որտեղ նա հստակ ասում է, որ Ռումինիայից է։ Օրինակ՝ ամերիկյան «Gold Derby» լրատվամիջոցին 2025-ին տված հարցազրույցում Մուստեատան անդրադարձել է նաև իր ընտանիքի պատմությամնը։

«Պետք է ասեմ, որ իմ ընտանիքը գալիս է ռումինական համայնքից․ նրանք արտաքսվածների կարգավիճակով տեղափոխվել են ԱՄՆ, և ես մեծացել եմ լսելով այսպիսի շատ անհեթեթ պատմություններ, որոնք իրական չէին թվում»,- ասել է Մուստեատա։

Էկրանապատկերը՝ goldderby.com-ից

Ամերիկյան Metrograph կայքի համար Նատալի Մուստեատան և նրա ամուսինը՝ Ալեքսանդր Սինգհը, որը նաև ֆիլմի համառեժիսորն ու սցենարիստն է, հարցազրույց են վարել դերասան Զառ Ամիրի հետ։ Հրապարակման վերջում ներկայացված կենսագրականում Մուստեատան նշվում է որպես ռումինա-ամերիկյան ռեժիսոր։

Էկրանապատկերը՝ metrograph.com-ից

Մեկ այլ հարցազրույցում Մուստեատան, անդրադառնալով ֆրանսերենին վարժ տիրապետելուն, կրկին խոսում է ռումինական արմատների մասին՝ նշելով, որ իր առաջին լեզուները եղել են ռումիներենն ու ֆրանսերենը։

«Ես ծնվել եմ Նյու Յորքում։ Ես ամերիկացի եմ, բայց իմ ամբողջ ընտանիքը Ռումինիայից է։ Նրանք արտագաղթել են և ապրել աքսորում՝ Ֆրանսիայում։ Իմ առաջին լեզուները ֆրանսերենն ու ռումիներենն են եղել, իսկ հետո եմ սովորել անգլերեն»,- ասում է Մուստեատան։

Այսպիսով, Նատալի Մուստեատայի հայկական ծագման մասին պնդումները որևէ ապացույցով չեն հաստատվում։ Կինոռեժիսորը իր հարցազրույցներում երբևէ չի խոսել դրա մասին, իսկ վկայակոչվող հարցազրույցում խոսքը հստակ չէ, ինչն էլ շփոթի առիթ է հանդիսացել։ 

Նմանատիպ սխալ վերագրումներ նախկինում էլ են եղել․ լրատվամիջոցները հայկական արմատներ են վերագրել նաև դիզայներ Ջորջիո Արմանիին և Հռոմի Պապ Ռոբերտ Ֆրենսի Պրևոստին, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում