Գլխավոր Լրահոս

Ֆեյսբուքյան «քլիքբեյթ» էջերը շարունակում են տագնապ և կեղծիք տարածել

Ֆեյսբուքյան «քլիքբեյթ» էջերը շարունակում են տագնապ և կեղծիք տարածել

Սոցցանցերում բազմահազարանոց հետևորդներ ունեցող էջերը կրկին ակտիվ տարածում են տագնապային, հին կամ կեղծ տեղեկություններ պարունակող գրառումներ։ 

«ՇՏԱՊ… 5 դպրոցականներ տեղափոխվել են հիվանդանոց»,- ապրիլի 3-ին նման վերտառությամբ գրառում տարածվել է վեց ֆեյսբուքյան էջում։ Դրանց թվում է  Blogger.am էջը, որն ունի 255 հազար հետևորդ։ 

Մինչդեռ, ապրիլի 3-ին որևէ տեղեկություն չկա դպրոցականների հիվանդանոց տեղափոխման մասին։

Նույնաբովանդակ հրապարակումներ տարածել են նաև INFO PAGE,  Լուսին, Arm Info 365, Միասնական Հայաստան, Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ էջերը։ 

Սակայն սա այս էջերի կողմից տարածվող միակ կեղծ կամ մոլորեցնող բովանդակությունը չէ։ Նույն մեխանիզմով դրանք պարբերաբար հրապարակում են նաև այլ՝ ապատեղեկատվական կամ մանիպուլյատիվ գրառումներ՝ օգտատերերին ուղղորդելով կասկածելի կայքեր։ 

«Շտապ» անհիմն լուր

Հինգ դպրոցականներին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ գրառումը նույն լուսանկարով էջերը տարածել են վայրկյանների տարբերությամբ։ Գրառմանը կցված է հոդված yer.arminfonews[.]ru կայքից։ Հոդվածը ռուսալեզու է, սակայն հրապարակման մեջ բացակայում են դեպքի վերաբերյալ որևէ կոնկրետ տվյալ՝ չի նշվում ոչ վայրը, ոչ հիվանդանոցը։ Միայն ասվում է, որ «այսօր առավոտյան» հինգ դպրոցական հանկարծակի վատ են զգացել և տեղափոխվել հիվանդանոց՝ ուղեկցվելով ինտրիգային, բայց ոչ ինֆորմատիվ ձևակերպումներով։

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերում տարածվող կեղծ գրառումը
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերում տարածվող կեղծ գրառումը

«Ի՞նչ է իրականում պատահել այդ օրը։ Ինչո՞ւ էին հինգ երեխա միաժամանակ հիվանդանոցում։ Այս հարցերը մնում են անպատասխան…»,- նշվում է հոդվածում։

Լուսանկարի հակադարձ որոնումը ցույց է տալիս, որ օգտագործվել է Արմավիրի մարզի Մուսալեռի Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի նկարը։  Սակայն ապրիլի 3-ի դրությամբ որևէ նման դեպք պաշտոնապես չի գրանցվել։

Աննա Հակոբյանի լուսանկար՝ փաստ չպարունակող հոդվածում

Նույն էջերը մեկ այլ գրառում են հրապարակել՝ վերնագրելով «Կձերբակшլվի՞. Քննչшկան կոմիտեն քննություն է սկսել»՝ կցելով  վարչապետի արդեն նախկին կնոջ Աննա Հակոբյանի լուսանկարը։

Այս դեպքում էլ գրառումն ուղղորդում է yer.arminfonews[.]ru կայք։ 

Ռուսալեզու նյութի բովանդակությունը չի պարունակում որևէ փաստական տվյալ կամ հղում իրավապահ մարմիններին։ Ավելին՝ հոդվածում խոսքը արական սեռի ներկայացուցչի մասին է (Будет ли он арестован?… ), մինչդեռ հրապարակումը ներկայացվում է Աննա Հակոբյանի լուսանկարով։ 

«Քննչական կոմիտեն արդեն սկսել է հետաքննությունը, սակայն որքան խորանում են մանրամասները, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ»,- նշվում է նյութում։

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերում տարածվող կեղծ գրառումը
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերում տարածվող կեղծ գրառումը

Անորոշ խոստումներ՝ առանց որևէ կոնկրետ որոշման

Մեկ այլ գրառում տարածվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի լուսանկարով՝ «Ծնողներ ջան, տեղեկացեք․ Շատ լավ լուր» վերնագրով։

Այս դեպքում ևս հրապարակումը օգտատերերին ուղղորդում է նույն՝ yer.arminfonews[.]ru կայքի մեկ այլ հոդվածի։

Սակայն հոդվածում ներկայացված են ընդհանուր և անորոշ ձևակերպումներ՝ առանց որևէ կոնկրետ որոշման կամ փաստի։

«Այս որոշումը… նպատակ ունի թեթևացնել ծնողների բեռը…»,- նշվում է նյութում՝ առանց հստակեցնելու, թե ինչ որոշման մասին է խոսքը։

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերում տարածվող կեղծ գրառումը
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերում տարածվող կեղծ գրառումը

Հատկանշական է, որ այս ֆեյսբուքյան էջերը համակարգված կերպով հրապարակում են մեծ քանակությամբ նմանատիպ «արտադրական» բովանդակություն՝ հաճախ տարբեր տառատեսակներով։

Կեղծ լուրեր տարածող էջերից մեկի ստեղծողը՝ մեդիա-ձեռնարկատեր Արմեն Թումասյանը, ավելի վաղ #CivilNetCheck-ին հայտնել էր, որ նման էջերի բովանդակությունը ավտոմատացված է, իսկ հիմնական նպատակը մեծ լսարան հավաքելն ու էջերի հետագա վաճառքն է։

Կեղծ կամ մոլորեցնող բովանդակությամբ նրանք ձգտում են ավելացնել այցելությունները, որոնք հետագայում վերածվում են գովազդային եկամտի։ Նյութերը հաճախ հրապարակվում են ռուսերեն կամ երկլեզու ձևաչափով, քանի որ Google AdSense-ի աջակցվող լեզուների ցանկում հայերենը ներառված չէ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում