Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կապակցությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 29-ին Երևանի Սբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցելու էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Ազատության հրապարակման՝ երբ անվտանգության աշխատակիցները փորձել են ճանապարհ բացել պատարագից դուրս եկող վարչապետի և նրան ուղեկցող պաշտոնյաների համար, ամբոխից մի երիտասարդ դժգոհել է, որ իրեն հրում են և ցանկացել է մնալ իր տեղում։ Նա դիմել է վարչապետին, ապա փորձել ձեռքով հարվածել, Փաշինյանը թիմակիցներին հորդորել է չարձագանքել։
Քննչական կոմիտեն միջադեպից հետո մեղադրանք է առաջադրել երեք ձերբակալվածների, այդ թվում՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ, որը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը, ազատ է արձակվել գրավի և չբացակայելու ստորագրության պայմաններով։ Հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն էլ մեղադրվում է միջադեպը կազմակերպելու համար։
ՀԿ-ները հայտարարությունում շեշտում են, որ Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական, և, ըստ ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների, ունի առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Նրանք պնդում են, որ նման պայմաններում կալանավորումը ընտրվել և կիրառվել է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման։
Հայտարարության համաձայն՝ անազատության մեջ գտնվելու երկու օրվա ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է. Դավիթ Մինասյանը կորցրել է գիտակցությունը, ունեցել է շնչահեղձություն և այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ավելի վաղ փաստաբանները հայտնել էին նաև, որ նա ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, իսկ մայրը դատարանին խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ նշելով, որ նա վաղ մանկությունից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի։
Հաշվի առնելով վերոգրյալը և Հայաստանի մարդու իրավունքների պարտավորությունները՝ հայտարարության ստորագրողները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը։ Քննչական կոմիտեից և դատախազությունից նրանք պահանջում են իրականացնել Սբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ և բազմակողմանի քննություն՝ պարզելով բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդած պատճառներն ու պայմանները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողի կողմից նրա նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին։
Ստորագրող կազմակերպությունները նաև կոչ են անում բոլոր հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ձեռնպահ մնալ Դավիթ Մինասյանի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորական և արժանապատվությունը ոտնահարող հրապարակային խոսքից։
Ստորագրող ՀԿ-ների ցանկը
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Արդարության նոր մշակույթ ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ
«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
Դիգնիթի ՀԿ












