2025-ին բանտերում մահացել է 24 անձ (2024-ին՝ 12), որից 16-ը՝ կենսաբանական մահ, 8-ը՝ ինքնասպանություն։ Ի հակադրություն սրա՝ 2024-ի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության դեպք չի արձանագրվել: Այդ մասին արձանագրում կա ՀՀ գլխավոր դատախազության 2025-ի՝ Ազգային ժողովի հաղորդման մեջ։
Ըստ աղբյուրի՝ 183 անձի կողմից կատարվել է ինքնավնասման կամ ինքնախեղման 617 դեպք, իսկ 202 անձ ներկայացրել է հացադուլ հայտարարելու 329 դիմում։
Դատախազության ուսումնասիրությունը վերհանել է ինքնասպանությունների և ինքնավնասումների աճին նպաստող մի շարք թերություններ։ Ըստ այդմ, որոշ դեպքերում չեն գնահատվել ինքնասպանության և ինքնավնասման ռիսկերը, չեն իրականացվել թիրախավորված և անհատականացված քայլեր, չեն տարվել պարբերական հոգեբանական աշխատանքներ:
Մյուս կողմից, հոգեկան առողջության խնդիրների դեպքում հաճախ չի ապահովվել հոգեբույժի մասնակցությունը կամ չեն կատարվել ախտորոշման և բուժման մասին համապատասխան գրառումներ:
Ինքնավնասման ակնհայտ հակում ունեցող անձանց համար հաճախ չեն սահմանվել վտանգավոր իրերի (օրինակ՝ ներարկիչների, սափրիչների) սահմանափակումներ: Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը բազմակի ինքնավնասումներ է արել խցում հայտնաբերված ներարկիչներով, ինչպես նաև մեկանգամյա սափրիչով, որը նրա համար արգելված էր:
Որոշ դատապարտյալներ առանց բժշկական հիմնավորման կամ ընդամենը «համատեղելիության խնդիրների» պատճառաբանությամբ տևական ժամանակ (ընդհուպ մինչև մեկ տարի) պահվել են մեկուսի։
Նման սոցիալական մեկուսացումը նպաստում է հոգեկան խանգարումների առաջացմանը: Որպես ծանր հետևանքի օրինակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած անձը տևական ժամանակ պահվել է մեկուսի, ունեցել է ինքնավնասման հակում և մինչև մահը նույնիսկ անդամահատել էր իր 8 մատները։

Բանտերում նաև ավելացել են բջջային հեռախոսների շրջանառության և քրեական ենթամշակույթի դեպքերը։ Ըստ զեկույցի՝ պահվող անձինք հաճախ են կարգապահական տույժի ենթարկվում բջջային հեռախոսներ և ինտերնետ կապ ապահովող սարքեր պահելու համար: Բջջային կապի միջոցով ՔԿՀ-ներում կազմակերպվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություններ և շորթումներ: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների անդամները հեռախոսակապով ղեկավարում են դրսում գտնվող իրենց խմբավորումները, հավաքագրում գումարներ և նույնիսկ հեռավար որոշումներ կայացնում ՔԿՀ-ի ներսում այլ անձանց «պատժելու» վերաբերյալ:
Այս խնդիրը արմատապես լուծելու համար Դատախազությունն առաջարկել է ՔԿՀ-ներում տեղադրել ռադիոալիքների խլացուցիչներ:












