Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն հրատապ փոխում է ընտրական օրենքը. Կարապետյանի թիմը պնդում է՝ արվում է իրենց դեմ

ԱԺ-ն հրատապ փոխում է ընտրական օրենքը. Կարապետյանի թիմը պնդում է՝ արվում է իրենց դեմ

Գևորգ Թոսունյան

Ազգային ժողովն ապրիլի 7-ին սկսեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի արտահերթ քննարկումը։ Այս նախագծի դրույթներից մեկով կուսակցությունների դաշինքի անվանման մասով սահմանափակումներ են մտցվում։ 

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է, որ այս փոփոխությունը կատարվում է, որպեսզի չգրանցվի «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների դաշինքը՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվամբ։ Նախագծի հեղինակները ևս չեն բացառում, որ փոփոխությունը միտված է այդ նպատակին։

Օրենքը բերվել է արտահերթ կարգով։ Բացի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունից՝ այլ նախագծեր էլ են ներկայացվել։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավոր են՝ Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Նրանք պնդում են, որ նախորդ փոփոխությունների ժամանակ տեղ գտած տեխնիկական վրիպակի պատճառով (երբ «նախադասություն» բառի փոխարեն սխալմամբ ուժը կորցրած էր ճանաչվել ամբողջ «պարբերությունը») ջնջվել էին դաշինքների անվանումների վերաբերյալ կարևոր սահմանափակումները:

Նոր նախագծով այդ սահմանափակումները վերականգնվում են՝ հստակեցնելով, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ, դրանց հետ շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր ու այլ արտահայտություններ:

Ըստ նախագծի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է շտկել բաց թողնված վրիպակը, ապահովել իրավական որոշակիությունը և վերականգնել օրենսգրքի ներքին համակարգայնությունն ու գործող կարգավորումների միջև ներդաշնակությունը:

Այս փոփոխության նախաձեռնությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ մարտի 31-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց դաշինքի անվանումը։

ԱԺ նիստին ընդդիմադիր պատգամավորները նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվեցին, թե ինչու այն չի բերվել հաջորդ շաբաթվա հերթական նիստին։

«Ապրիլի 13-ից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը մեկնարկելու է, դրանով իսկ պայմանավորված՝ հրատապ է։ Նիստերը սկսվելու են երեքշաբթի՝ ապրիլի 14-ից, չենք հասցնի»,- ասաց Ջուլհակյանը։

Ընդդիմությունը նիստին քննադատեց իշխանությանը՝ անընդունելի համարելով նախագիծը։ Ընդդիմադիրների խոսքով՝ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ խաղի կանոններ փոխելը խախտում է Վենետիկի հանձնաժողովի պահանջներն ու միջազգային պրակտիկան։

«Այս գործընթացն ինքնին հակաիրավական է. դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական հայտ ներկայացրած ուժը ներկայացրել է իր դաշինքի անունն, ու դուք հանկարծ օրենք եք փոխում, որն արգելելու է դա անել։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այնաստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել»

Մինչ ԱԺ ներսում ընթանում էր արտահերթ նիստը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ շենքի դիմաց հրավիրված ասուլիսում հայտարարեցին, որ կատարվածն ուղղված է իրենց դաշինքի դեմ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից իրավաբան Գոհար Մելոյանը հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովի կանոնակարգն արգելում է ընտրական գործընթացից մեկ տարի առաջ ժամկետում որևէ միջամտություն և փոփոխություն ընտրական օրենսգրքերում, որպեսզի ընտրական օրենսդրությունը և կանոնակարգումները լինեն կայուն ու կանխատեսելի։ Նրա խոսքով՝ թույլատրելի չէ խաղի կանոնների նման փոփոխությունը։

Ըստ Արուսյակ Ջուլհակյանի՝ Վենետիկի հանձնաժողովն ունի նման կանոններ, սակայն դրանք վերաբերում են հիմնարար դրույթներին. «Դրանք են՝ ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը և ընտրատարածքների փոփոխությունները։ Այս երեք նշված կետերից որևէ կետին մեր շտկումը վերաբերելի չէ»։

Մելոյանի խոսքով՝ իրենց ուժն անգամ իրավական գործընթացներ է սկսել․ «Պետք է ընտրական գործընթացում երաշխավորվի դրան մասնակցող բոլոր ուժերի հավասար մասնակցությունը։ Նախագծով դաշինքներին թույլ չեն տալիս անվանում կիրառել։ Այս նախաձեռնությունը բացահայտ մեր դաշինքին է ուղղված։ Նրանք փորձում են արգելել «Սամվել Կարապեյան» անվան կիրառումը դաշինքի անվան մեջ։ Ես երեկ ԿԸՀ դիմում եմ մուտք արել, որ էլեկտրոնային հաշիվ բացվի։ Մենք իրավական ընթացակարգեր էինք մեկնարկել»,- հայտարարեց Գոհար Մելոյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են բացառապես իրենց առաջնորդի անունը դաշինքում չներառելու համար․ «Սա վախեցած  իշխանության վարքագիծ է։ Իրավական առումով՝ 2026-ի մարտի 31-ին այլևս փաստ էր, որ դաշինքը մասնակցում է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվամբ։ Այնաստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել, որովհետև պայքարել անվան դեմ, իսկապես նորություն է»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում նման վարքագիծ հնարավոր չէր պատկերացնել։

«Վենետիկի հանձնաժողովի կանոնները այսկերպ կարող են կիրառել ու նման փոփոխություն իրականացնել մեր հարևան երկրներից Ադրբեջանում։ Չեմ բացառում, որ հենց այդ օրինակն են վերցնում՝ որպես լավագույն փորձ»,- նշեց Վարդևանյանը։

Փորձագիտական դիրքորոշում. Տեխնիկական շտկո՞ւմ, թե՞ քաղաքական խոչընդոտ

Ընտրական գործընթացների փորձագետ, «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշում է, որ տեղի ունեցածը նախևառաջ իրավական անհամապատասխանության շտկում է: Ըստ նրա՝ անձնանունների օգտագործման արգելքը սահմանված է «Կուսակցությունների մասին» օրենքով, և Ընտրական օրենսգրքում դրա բացակայությունը 2024-ի դեկտեմբերին տեղի ունեցած տեխնիկական վրիպակի հետևանք էր:

Փորձագետը շեշտում է, որ համամասնական ընտրակարգի տրամաբանությունն ինքնին ենթադրում է գաղափարական պայքար, և անձնանունների կիրառումն այստեղ անընդունելի է: «Համամասնականի երևույթն հենց նրանով է, որ այն պետք է լինի գաղափարական, ոչ թե անձնակենտրոն»,- պարզաբանում է Գրիգորյանը՝ հավելելով, որ միջազգային առաջավոր փորձում դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը համարվում է անընդունելի պրակտիկա:

«Համամասնական ընտրակարգում անձնանուններ օգտագործելն աբսուրդ է։ Եթե նայենք զարգացած երկրների միջազգային փորձը, հաստատ նման բան մտքներով չի անցնի։ Համամասնական երևույթն հենց նրանով է, որ այն պետք է լինի գաղափարական, այլ ոչ թե անձնակենտրոն»,- ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին, Գրիգորյանը կարծում է, որ դրանց շահարկումն այս համատեքստում ռելևանտ չէ: Նրա խոսքով՝ հանձնաժողովի առաջարկած մեկ տարվա սահմանափակումը վերաբերում է բացառապես հիմնարար կանոններին, ինչպիսիք են ընտրակարգը կամ ընտրատարածքների բաշխումը, մինչդեռ անվանման հստակեցումը նման ազդեցություն չունի: 

«Վենետիկի հանձնաժողովը ոչ մի բան չի արգելում, ինքը չունի նման ֆունկցիա։ Նա կարող է միայն ասել՝ դրական է փոփոխությունը, թե բացասական։ Կարծիքի մեջ գուցե նշվի, որ դրույթը փոփոխվել է առանց պատշաճ քննարկումների, բայց խնդիրն այն է, որ հենց այդ արգելքի հանվելն էր ժամանակին արվել առանց քննարկման, որը մենք պատահաբար ենք հայտնաբերել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Փորձագետը նաև հրատապ է համարում նախագծի մյուս դրույթները, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանն ու քվեաթերթիկների վավերականությանը, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ընտրությունների որակի վրա և պահանջում են հանձնաժողովների անդամների շուտափույթ վերապատրաստում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում