ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը Լևոն Քոչարյանին սպառնաց «64 կոշիկով»

Ազգային ժողովի և կառավարության սեպտեմբերի 16-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սպառնաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։ Ըստ Աղաջանյանի՝ եթե Քոչարյանը չփոխի իր վարքագիծը «64 կոշիկ կսլանա նրա ուղղությամբ»։
Նա նշեց, որ վարչապետի ելույթի ժամանակ Քոչարյանը ձեռքերով հասկացնում էր, թե իբր պատրաստվում է կոշիկ նետել դեպի ամբիոն։
«Խնդրում եմ փոխանցեք Ռոբերտ Քոչարյանի որդուն, որ ինքը, եթե իրեն չհավաքի, և նման բան ևս մեկ անգամ կրկնվի, դահլիճի էս մասից տարբեր չափերի և բրենդերի 64 կոշիկ միաժամանակ կսլանան դեպի իր ուղղությամբ»,- ասաց Աղաջանյանը։
Ի պատասխան՝ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերոջը հորդորեց բռնության չդիմել։
«Ամեն դեպքում եկեք այնպես անենք, որպեսզի «թռչող կոշիկների երեկո» տեղի չունենա Ազգային ժողովում։ Պարոն Քոչարյան կրտսերը, ըստ իմ գնահատականի, բավականին կոմպլեքսավորված անձնավորություն է և, թերևս, իր էմոցիաներն արտահայտելիս չի կարողանում մեկ-մեկ զսպել իրեն։ Ես կարծում եմ՝ մենք այլ մեթոդների պետք է դիմենք նրան կոմպլեքսներից ազատելու մեր գործում։ Նախ, կոշիկներն ափսոս են։ Երկրորդ՝ չեմ կարծում, որ բռնությունը ողջունելի է այս դահլիճում»,- նշեց Ռուբինյանը։
Մինչ այդ, հարցուպատասխանի ժամանակ Լևոն Քոչարյանը տեղից ինչ-որ բան ասաց Փաշինյանին, իսկ նա արձագանքեց․ «Մի ուղարկի, հագիցդ հանելու են կախած վիճակում», իսկ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը նկատողություն հայտարարեց Վահագն Ալեքսանյանին «հորդ գլխին ուղարկի» արտահայտության համար։










