Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը կարգելի՞ դպրոցներում հիջաբ կրելը

Լուսանկարը՝ AP / Միշա Ջափարիձե

Լուսանկարը՝ AP / Միշա Ջափարիձե

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործացկության շրջանակում։

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիների դպրոցից հեռացման կամ դասերին մասնակցել թույլ չտալու մասին տեղեկությունները նոր քննարկումների տեղիք են տվել՝ կապված կրոնական արտահայտման սահմանափակման հետ։

Մարտի 10-ին Մեհդիաբադ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Աֆաթ Ջամալովան, ըստ հաղորդումների, 23 աշակերտուհու հեռացրել է դպրոցից՝ հիջաբ կրելու պատճառով։ Սա այն դեպքերից մեկն էր, որ սկսեցին տարածվել փետրվարի վերջից՝ հիջաբի հնարավոր արգելքի մասին լուրերի ֆոնին։

Այս խոսակցությունները ավելի ակտիվ դարձան մարտի 7-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց տեսանյութ։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես Իմիշլիի շրջանի թիվ 8 դպրոցի տնօրեն Ռենա Գուլիևան հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չի տալիս մտնել դպրոցի տարածք։ Տեսանյութում դպրոցի աշխատակիցներից մեկը պարզաբանում է, որ հիջաբը չի մտնում դպրոցական համազգեստի մեջ։

Ակտիվիստ Արզու Աբդուլլայի խոսքով՝ մարտի սկզբից հիջաբը արգելվել է նաև Բաքվի Խաթայի շրջանի թիվ 261 դպրոցում, Մեհդիաբադի թիվ 3 և 4 դպրոցներում, ինչպես նաև Սումգայիթի թիվ 15 և 17 դպրոցներում։ Բացի այդ, Գըզըլաղաջ գյուղի թիվ 1 դպրոցի տնօրեն Շահլա Ֆաթուլլաևան մարտի սկզբին երեք աշակերտուհու հեռացրել է նույն պատճառով։

Իմիշլիից Վուսալ Հասանլին սոցիալական ցանցերում գրել է, որ իրենց շրջանում մի քանի դպրոցներում նույնպես արգելվել է հիջաբը։ Նրա երկու դուստրերը, որոնք հիջաբ են կրում, այլևս չեն կարողացել հաճախել դասերին։

«Երկուսն էլ լավ են սովորում, և այս որոշումը հոգեբանական ծանր ազդեցություն ունեցավ նրանց վրա։ Դպրոցի տնօրենն ասել է, որ կարող են վերադառնալ միայն այն դեպքում, եթե հանեն հիջաբը»,- նշել է նա Facebook-ում տարածված տեսանյութում։

Չնայած դեպքերի մեծ մասը վերաբերում է աշակերտներին, Արզու Աբդուլլան OC Media-ին հայտնել է, որ մարտի 15-ին Սումգայիթի թիվ 17 դպրոցից հիջաբ կրելու պատճառով աշխատանքից հեռացվել են նաև երկու ուսուցչուհի։

Սակայն ապրիլի 1-ին Աբդուլլան հայտարարել է, որ դպրոցներում հիջաբի արգելքը նախորդ օրը՝ մարտի 31-ին, հանվել է։

«Աղջիկների ծնողները ասում են, որ այլևս խոչընդոտ չկա դասերին մասնակցելու համար։ Բեյլագանի շրջանում նույնիսկ դպրոցի տնօրենն է զանգահարել և խնդրել, որ աղջիկները վերադառնան դպրոց»,- ասել է նա։

Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ ընդհանրապես նման արգելքներ սկսեցին կիրառվել։

Ճնշումների մասին՝ համառոտ

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում դպրոցներում հիջաբի հարցը բարձրացվում է։ 2010-ի նոյեմբերին Կրթության նախարարությունը արգելել էր հիջաբը՝ նշելով, որ այն չի համապատասխանում դպրոցական կարգին։ Բաքվում, Գյանջայում և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային բողոքներից հետո այդ որոշումը չեղարկվեց։ Սակայն բողոքի մասնակիցներից շատերը ձերբակալվեցին և հայտնի դարձան որպես «հիջաբի բանտարկյալներ»։

Իրավապաշտպան Յալչին Իմանովի խոսքով՝ ներկայում գործող օրենքներով հիջաբը դպրոցում արգելելու հիմք չկա։

«Հանրակրթական դպրոցներում համազգեստը սահմանված է օրենքով։ Բայց օրենքում որևէ պատժամիջոց չկա այն չկրելու համար։ Բացի այդ, օրենսդրությունը չի արգելում գլխաշոր կամ կրոնական հագուստ կրել դպրոցում»,- ասել է նա OC Media-ին։

Նա հավելել է, որ այս հարցով որևէ նոր կարգավորում չունի նաև Կրթության նախարարությունը կամ այլ պետական մարմին։ Այսինքն՝ հիջաբ կրելու պատճառով դպրոցից հեռացված աշակերտների իրավունքները խախտվել են։

«Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, և պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը»,- ընդգծել է Իմանովը։

Նույն դրույթը ամրագրված է նաև «Կրթության մասին» օրենքում, որը երաշխավորում է կրթության հասանելիությունը՝ անկախ մարդու կրոնից և առանց խտրականության։

Միևնույն ժամանակ, Իմանովի կարծիքով, նման ոչ պաշտոնական արգելքները կապված են իշխանությունների քաղաքական մոտեցման հետ։

«Իշխանությունները իրենց հարաբերությունները քաղաքացիների հետ կառուցում են քաղաքական տրամաբանությամբ։ Երբ, օրինակ, հարաբերությունները Իրանի հետ վատանում են, Ադրբեջանում ճնշումներ են սկսվում շիա մահմեդականների նկատմամբ»,- ասել է նա։

Չնայած Ադրբեջանը հիմնականում աշխարհիկ պետություն է, բնակչության մեծ մասը շիա է։ Այդուհանդերձ, իշխանությունները հաճախ քննադատվում են՝ կրոնական ակտիվություն ցուցաբերող մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։

Օրինակ, 2025-ի օգոստոսին վեց կին ձերբակալվել էր՝ «բողոքի ակցիա կազմակերպելու» համար։ Նրանք պարզապես ողորմություն էին բաժանում շիա կարևոր հիշատակի օրերից մեկի՝ Արբաինի առիթով։

Իմանովի խոսքով՝ նման ճնշումներ եղել են նաև նախկինում։

«Վերջին նման դեպքը եղել է 2023-ի սկզբին, երբ հազարավոր հավատացյալների նկատմամբ կիրառվել են վարչական և քրեական միջոցներ»,- նշել է նա։

Այդ ժամանակ ավելի քան 30 շիա տղամարդ ձերբակալվել էր՝ իշխանությունը տապալելու և կրոնական պետություն ստեղծելու մեղադրանքով։ Ձերբակալությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեղադրել էր Իրանին իր օդային տարածքը խախտելու մեջ, և Բաքվում հանդիպում էր տեղի ունեցել Իսրայելի պաշտոնյայի հետ։

Արզու Աբդուլլան նույնպես նշել է, որ իրեն ասել են՝ հիջաբ կրող աշակերտուհիներին հեռացնելու հրահանգը եկել է «բարձրաստիճան պաշտոնյաներից»։

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ նման որոշումն այդքան արագ է կիրառվել։

Աբդուլլան կարծում է, որ նույնիսկ եթե արգելքը ժամանակավորապես հանվել է, ապագայում այն կարող է պաշտոնապես ամրագրվել։

«Կարծում եմ՝ սա փորձ էր հասկանալու համար, թե քանի հավատացյալ կարող է դիմադրել։ Նրանք, ովքեր բողոքում են հիջաբի արգելքի դեմ, հիմնականում ձերբակալվում են։ Միայն կեսն է ազատ արձակվել 2025-ի դեկտեմբերի համաներման արդյունքում»,- ասել է նա։

Նա նաև հարց է բարձրացնում՝ «վերջին երկու ամսում մոտ 50 շիա մահմեդական է ձերբակալվել թմրանյութ պահելու մեղադրանքով։ Սա շատ կասկածելի է»։

OC Media-ն մեկնաբանության համար դիմել է Կրթության նախարարությանը։ Դրանից հետո Նախադպրոցական և ընդհանուր կրթության պետական գործակալության ներկայացուցիչը խնդրել է ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ հիջաբի արգելք է կիրառվում։

Հիջաբ կրելու պատճառով հեռացված աշակերտուհիներից մեկի մայրը հայտնել է, որ արգելքը նույն օրը՝ մարտի 31-ին, հանվել է։

Այնուամենայնիվ, ապրիլի սկզբին տեղեկություններ են եղել, որ Սումգայիթի թիվ 15 դպրոցում, տնօրեն Էլմիրա Յագուբովայի ղեկավարությամբ, հիջաբի արգելքը շարունակում է գործել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում