Սոցիալական ցանցերում տարածվել է գրառում իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet թերթին և պատմել է, որ նախապապը թուրք է եղել։
«Իմ գերդաստանում միայն հայեր չեն եղել։ Իմ նախապապը ՝ Գյոքհան Փաշալան, Բուրսայում հաջողակ արդյունաբերող էր։ Նա ունեցել է հյուսելու արտադրություն»,-իբրև Փաշինյանը հայտնել է թուրքական թերթին։
Հրապարակումներին կցված է լուսանկար, որը ներկայացվում է որպես Փաշինյանի նախապապի պատկեր։

Գրառումը հարյուրավոր տարածումներ ունի ֆեյսբուքում։ Այն լայնորեն վերահրապարակվել է նաև տելեգրամյան ռուսալեզու ալիքներում։
Սակայն իրականում Փաշինյանը հարցազրույց չի տվել թուրքական թերթին, իսկ հրապարակման սկզբնաղբյուրը ռուս լրագրող Միխայիլ Շահնազարովն է։
Նիկոլ Փաշինյանը Milliyet թերթին հարցազրույց չի տվել
Նիկոլ Փաշինյանը երբևէ հարցազրույց չի տվել Milliyet թերթին։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը #CivilNetCheck-ին հաստատեց, որ նման հարցազրույց չի եղել։
Հրապարակման տարածման օրը՝ ապրիլի 1-ին և դրան նախորդող օրերի Milliyet թերթի համարների գլխավոր էջերում (1, 2, 3) Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Ավելին, թերթում առհասարակ չկա նման բովանդակությամբ որևէ հրապարակում։ Մինչդեռ այլ երկրի ղեկավարի հետ հարցազրույցի դեպքում դրա մասին, որպես կանոն, նշում կարվեր թերթի առաջին էջում։

Որտեղի՞ց սկսվեց և ինչպես տարածվեց կեղծ հրապարակումը
Նիկոլ Փաշինյանի թուրք նախապապի վերաբերյալ գրառումն առաջինը հրապարակվել է ռուս լրագրող Միխայիլ Շահնազարովի ֆեյսբուքյան էջում՝ ապրիլի 1-ին, ապա նաև X-ի էջում։ Կից լուսանկարն ևս սկզբնապես տարածվել է նրա կողմից և, ամենայն հավանականությամբ, ստեղծված է արհեստական բանականության միջոցով, քանի որ այն չի հանդիպում բաց աղբյուրներում։
Գրառումը հետագայում տարածվել է ռուսալեզու տելեգրամյան ալիքներում՝ «Армянский калейдоскоп» տելեգրամյան ալիքը, ապա «Миацум | Միացում», «Крым и 4 Океана» և «Арцах 44» տելեգրամյան ալիքները։ Այնուհետև լուրը հայտնվել է Ֆեյսբուքի հայալեզու օգտատերերի շրջանում։
Ո՞վ է Միխայիլ Շահնազարովը, ի՞նչ է հրապարակում
Միխայիլ Շահնազարովը ռուս լրագրող և բլոգեր է, որը, ըստ բաց աղբյուրների, ունի նաև ադրբեջանական և հայկական արմատներ։ Նա նախկինում աշխատել է «Говорит Москва» ռադիոընկերությունում, ինչպես նաև «Известия» և «Russia Today» լրատվամիջոցներում։ Ներկայում վարում է իր հեղինակային հաղորդումը Յութուբում՝ «Շախ և մատ» անվանումով։
Հաղորդումների ընթացքում նա հաճախ է արտահայտում իր հակակրանքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ X-ի նրա էջում կան Փաշինյանին ծաղրող գրառումներ։ Օրինակ՝ հրապարակել է արհեստական բանականության միջոցով ստեղծված մի տեսանյութ, որտեղ Փաշինյանը պատկերված է Օսմանյան կայսրությունում օգտագործվող գլխարկով՝ ֆեսով։
Շահնազարովի էջում հանդիպում են նաև գրառումներ, որոնցում նա ծաղրում կամ քննադատում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված ռուս աստղերին և այլ անձանց։

Ինչ վերաբերում է լուրը տարածած տելեգրամյան ալիքներին, ապա դրանց մի մասը գործում է Հայաստանից, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանից։ Սակայն բոլորի բովանդակությունը ռուսերեն է։ Գրառման հրապարակումից մի քանի օր անց՝ ապրիլի 5-ին, նմանատիպ բովանդակությամբ հրապարակում է կատարել նաև 2026-ի մարտի 17-ին ստեղծված «ОРЕШНИК» տելեգրամյան ալիքը։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին աշխատանքային այցով Ռուսաստանում էր։ «ОРЕШНИК» տելեգրամյան ալիքը, մասնավորապես, անդրադարձել է նույն օրը Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան շենքի մոտ հայ համայնքի կողմից անցկացված «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիային։ Տելեգրամյան ալիքը գրել է. «Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց հանրահավաքով դիմավորեցին թուրք արդյունաբերող Գյոքհան Փաշալան ծոռ Նիկոլ Փաշինյանին»։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող լուրը, թե Նիկոլ Փաշինյանը թուրքական Milliyet թերթի հետ հարցազրույցում խոսել է իր թուրք նախապապի մասին, կեղծ է։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











