Բիտումի որակը խնդիր է․ 10 բեռնատարից 8-ը հետ է վերադարձվում սահմանից․ նախարար

«Բիտումի որակը մեզ համար շարունակում է խնդիր մնալ․ վերջին շրջանում միջինը 10 մեքենայից մեկ կամ երկուսն է հատել Հայաստանի սահմանը, մյուս ութը հետ են վերադարձվել»,- այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստի ժամանակ՝ ամրիլի 9-ին:
«Այսպիսի մի քանի տասնյակ դեպքեր ունենք արձանագրված, որովհետև լաբորատոր փորձարկումների տրամաբանության մեջ էլ ենք փոփոխություն իրականացրել և հիմա շատ ավելի խիստ ենք այս մասը կազմակերպում»,- ասել է նախարարը:
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ եթե նախորդ տարիներին մրցույթի մասնակիցների 40 տոկոսը ճանապարհի կառուցման համար պակաս գին էին առաջարկում՝ քան նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքն էր, այժմ արդեն նրանց թիվը 20 տոկոս է։ Նախորդ տարվա մրցույթների թոփ հաղթողներն այս տարի արդեն թոփ հաղթողներ չեն՝ անորակ աշխատանքի պատճառով:
«Կազմակերպություններ կային, որոնք նախորդ տարի իրականացրել են Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքի 30-40, նույնիսկ 50 տոկոսը: Այս տարի իրենք ընդհանուր կայացած մրցույթների 10-ից 12 տոկոսի շրջանակում են»,- ասել է նախարարը։
Խուդաթյանը հայտնել է, որ նախորդ տարի շինարարների հաշվին շուրջ 30 կմ անորակ կառուցված ասֆալտ է քանդվել։ Նախարարի համոզմամբ այդ թիվն առաջինայում ավելի մեծ է լինելու։
«Առաջիկայում հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, որով մենք անցել ենք և այդ ճանապարհը, նույնիսկ քաղաքացիների տպավորությամբ, լավ ճանապարհ է, բայց մենք այդ ճանապարհի որակից դժգոհ ենք և ամբողջ 20 կիլոմետրանոց ճանապարհը նորից քանդել ենք տալու։ Դա ենթադրում է, որ շինարարը այդ աշխատանքի հետ կապված ունենալու է մոտավորապես 500 մլն դրամի կորուստ, բայց կարծում եմ դա այն արժեքն է որ իրենք պիտի վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար»,- ասել է նախարարը։











