Գլխավոր Լրահոս

Մետրոյի համար նախատեսված միջոցները կրկին վերաբաշխվեցին․ այս անգամ՝ ճանապարհների համար

Մետրոյի համար նախատեսված միջոցները կրկին վերաբաշխվեցին․ այս անգամ՝ ճանապարհների համար

Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված միջոցներից շուրջ 839 մլն դրամ կուղղվի Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ճանապարհների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագծի համաձայն՝ գումարը վերաբաշխվում է 2026-ի պետական բյուջեի «Քաղաքային զարգացում» ծրագրի «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից։

Գումարից ավելի քան 444 մլն դրամը կհատկացվի Գեղարքունիքի մարզում արդեն նորոգված չորս ճանապարհահատվածների աշխատանքների ֆինանսավորմանը։ Խոսքը Սևան–Վարսեր, Զոլաքար, Ծովինար և Ձորագյուղ տանող ճանապարհների մասին է՝ ընդհանուր 10,7 կիլոմետր երկարությամբ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ բոլոր չորս ճանապարհահատվածները տանում են դպրոցներ։ Դրանց միջին նորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Կապալառուները աշխատանքները կատարել են մինչև ֆինանսավորման հատկացումը՝ կնքված պայմանագրերի հիման վրա։

Եվս 194 մլն դրամ կհատկացվի Շիրակի մարզում 2,185 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման համար։ Ֆինանսավորումը վերաբերում է Ջրաձորի դպրոց տանող ճանապարհին և Գտաշեն-Կամխուտ ճանապարհահատվածին։ Այս ճանապարհներն ապահովելու են նաև աշակերտների տեղափոխությունը դեպի Արեգնադեմի նորակառույց կլաստերային դպրոց։

Հիմնավորման համաձայն՝ Ջրաձորի դպրոցի ճանապարհի ասֆալտբետոնե շերտի տեղադրումն ավարտվել է, շարունակվում են գծանշման և կահավորման աշխատանքները։ Գտաշեն-Կամխուտ հատվածում իրականացվում են ճանապարհի հիմքի պատրաստման աշխատանքները։ Երկու հատվածների նորոգումն էլ նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի 15-ը։

Տավուշի մարզին կհատկացվի 200 մլն դրամ՝ դեպի «Ալպյան» մարգագետիններ տանող 3,7 կիլոմետրանոց գրունտային ճանապարհի կառուցման համար։ Նախատեսվում է վերականգնել ճանապարհի հողային պաստառը և դժվարանցանելի հատվածների անցանելիությունը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել մեկ ամսվա ընթացքում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի մետրոպոլիտենի կառուցման համար նախատեսված միջոցները վերաբաշխվում են այլ ծրագրերի։

2025-ի սեպտեմբերի 18-ին կառավարությունը մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման ծրագրից շուրջ 2,14 մլրդ դրամ էր ուղղել Երևանի հանրային տրանսպորտի և վերելակների արդիականացմանը։ Գումարը նախատեսված էր 45 նոր տրոլեյբուսի և 104 վերելակի ձեռքբերման ֆինանսավորման համար։ Տրոլեյբուսների գնման դեպքում նախատեսված էր 30 տոկոս կանխավճար։

Դեկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար 2025-ին նախապես նախատեսված 9,6 մլրդ դրամից մնացել էր 1,6 մլրդ։ Վերաբաշխված միջոցների մի մասն ուղղվել էր տրոլեյբուսների ձեռքբերմանը։

Երեք օր անց քաղաքապետարանը պարզաբանել էր, որ մետրոպոլիտենի կառուցման համար նախատեսված միջոցները վերաբաշխվել են, քանի որ նախագծի հաստատման և շինարարական աշխատանքների գնման ընթացակարգերի պատճառով դրանց ամբողջական օգտագործումը 2025-ին իրատեսական չէր։ Քաղաքապետարանը հայտնել էր նաև, որ 2026-ի պետական բյուջեով մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների համար նախատեսվել է 2 մլրդ դրամ։

Նոյեմբերի 5-ի որոշման նախագծի համաձայն՝ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման ծրագրից վերաբաշխվող շուրջ 839 մլն դրամը հետագայում պետական բյուջեի հաշվին վերականգնելու անհրաժեշտություն չի առաջանա։

Նախագծի քննարկումների ընթացքում Ֆինանսների նախարարությունն ի սկզբանե առարկել էր ճանապարհաշինարարական աշխատանքները կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսավորելու առաջարկին՝ նշելով, որ այդ նպատակի համար հասանելի միջոցներ չկան։ Նախարարությունն առաջարկել էր ֆինանսավորումը կազմակերպել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսված հատկացումների շրջանակում։

Առաջարկությունն ընդունվել է, ֆինանսավորման աղբյուրը փոխվել է, իսկ հատկացումը նախնական 1,14 մլրդ դրամից նվազել է մինչև շուրջ 839 մլն դրամ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ վերաբաշխման հետևանքով պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և ծախսերի լրացուցիչ փոփոխություն չի առաջանա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում