TRIPP նախագիծը Հայաստանին ոչ միայն տնտեսական հնարավորություններ է տալու, այլև կարող է դառնալ տարածաշրջանային անվտանգության նոր մեխանիզմներից մեկը։ Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի ավագ խորհրդական Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի անվտանգությունը պետք է կառուցվի ոչ թե արտաքին երաշխավորներից կախվածության, այլ փոխշահավետ համագործակցության և տնտեսական փոխկախվածությունների վրա։ Թեմայի շուրջ Արմեն Գրիգորյանը զրուցել է Հանրային հեռուստաընկերության տաղավարում։
Ի՞նչ է տալու TRIPP-ը Հայաստանին
Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ TRIPP-ի իրականացումը Հայաստանի համար ստեղծելու է տնտեսական և անվտանգային նոր հնարավորություններ։ Նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքը որպես տարանցիկ երկիր, կապ հաստատել նոր շուկաների հետ և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարածաշրջանային հաղորդակցություններից։
«TRIPP-ը նաև ստեղծելու է տնտեսական փոխկախվածություններ, որոնք տնտեսական հնարավորություններից բացի բերում են անվտանգային երաշխիքների», – նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման, այլև Հայաստանի տնտեսական հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։
Սակայն նախագծի շուրջ հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է հենց փոխադարձությանը։ Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանը պարտավորվում է ապահովել Ադրբեջանի կապը Նախիջևանի և Թուրքիայի հետ, մինչդեռ հայկական բեռների՝ Ադրբեջանի տարածքով անարգել փոխադրման համար համարժեք իրավական երաշխիքներ չկան։
Հարցազրույցում բարձրացվել է նաև այն խնդիրը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությունը ինքնին Ադրբեջանի համար պայմանագրային պարտավորություն չի ստեղծում՝ ապահովելու Հայաստանի փոխադարձ տարանցիկ հնարավորությունները։
Գրիգորյանը, հակադարձելով այս քննադատությանը, շեշտել է, որ TRIPP-ը պետք է դիտարկել որպես ավելի լայն տարածաշրջանային տնտեսական գործընթացի մաս։ Նրա խոսքով՝ արդեն այսօր հայկական բեռներն օգտվում են Ադրբեջանի տարածքով փոխադրումների հնարավորությունից, իսկ նախագծի իրականացումը կարող է այդ համագործակցությունն ավելի ընդլայնել։
Այդուհանդերձ, հարցազրույցում բաց է մնում առանցքային հարցը՝ ինչ իրավական մեխանիզմով է երաշխավորվելու հայկական բեռների շարունակական և անխափան տարանցումը Ադրբեջանի տարածքով։
Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված TRIPP-ի իրականացմամբ
Գրիգորյանի համոզմամբ՝ նախագծում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը պայմանավորված է առաջին հերթին տնտեսական շահերով։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է ոչ թե մեկուսացված ենթակառուցվածքային ծրագիր, այլ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ավելի լայն հնարավորության շրջանակում։
ԱՄՆ-ը, ըստ Գրիգորյանի, քննարկում է նաև Միջին միջանցքում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Հետևաբար TRIPP-ը կարող է փոխկապակցվել տարածաշրջանային այլ տնտեսական ծրագրերի հետ։
«Ոչ ոք այդտեղ ներդրում չի կատարի, եթե Հայաստանը միայն օգտվի», – ընդգծել է նա՝ բացատրելով, որ նախագծի կենսունակությունը կախված է բոլոր մասնակիցների տնտեսական շահագրգռվածությունից։
Գրիգորյանի գնահատմամբ՝ TRIPP-ից կարող են օգտվել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և տարածաշրջանի մյուս երկրները։ Ընդ որում, նրա համոզմամբ, Հայաստանը կարող է ստանալ հատկապես մեծ առավելություններ՝ իր տարանցիկ ներուժի զարգացման շնորհիվ։
Նա կարևորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը՝ համարելով, որ այն կարող է նպաստել նախագծի հնարավորինս արագ իրականացմանը։
Կարո՞ղ է TRIPP-ը գործել առանց խաղաղության պայմանագրի
Հարցազրույցի առանցքային թեմաներից մեկը TRIPP-ի իրականացման և Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման փոխկապակցվածությունն էր։
Քննադատների հիմնական փաստարկն այն է, որ առանց խաղաղության պայմանագրի և հստակ փոխադարձ պարտավորությունների հաղորդակցությունների բացումը կարող է Հայաստանի համար նոր կախվածություններ ստեղծել։
Գրիգորյանը, սակայն, կարծում է, որ բոլոր խնդիրների միաժամանակյա լուծման փորձը կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։
Նրա խոսքով՝ Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ փաթեթային լուծումները դժվարությամբ են իրագործվում, մինչդեռ առանձին ուղղություններով առաջընթացը կարող է նպաստել ընդհանուր կարգավորմանը։
«Խաղաղությունը իրադարձություն չէ, խաղաղությունը գործընթաց է», – ընդգծել է Գրիգորյանը։
Նրա համոզմամբ՝ խաղաղության գործընթացը չի սահմանափակվում պայմանագրի ստորագրմամբ։ Այն ներառում է նաև սահմանազատումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակությունների միջև շփումները և տնտեսական համագործակցությունը։
Այս տրամաբանությամբ՝ TRIPP-ի իրականացումը կարող է ոչ թե սպասել խաղաղության պայմանագրին, այլ նպաստել դրա ստորագրման համար ավելի բարենպաստ միջավայրի ձևավորմանը։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն դրա բացակայությունը չպետք է խոչընդոտի մյուս գործընթացների առաջխաղացմանը։
Ռուսաստանը կարող էր իրականացնել TRIPP-ի նման նախագիծ, բայց նախընտրեց «միջանցքային տրամաբանությունը»
Արմեն Գրիգորյանը TRIPP-ի շուրջ քննարկումները կապել է նաև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հետ։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը տարիներ շարունակ ունեցել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացում առանցքային դեր ստանձնելու հնարավորություն, սակայն փորձել է այն իրականացնել Հայաստանի համար անընդունելի պայմաններով։
«Ռուսաստանը կարող էր TRIPP անել, եթե միջանցք չլիներ», – հայտարարել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հաղորդակցությունների բացումը դիտարկել է «միջանցքային տրամաբանությամբ»՝ ռուսական վերահսկողության ներքո, ինչը Հայաստանի համար անընդունելի է եղել։
Գրիգորյանի գնահատմամբ՝ TRIPP-ի իրականացումը հնարավոր է դարձել հենց այն բանից հետո, երբ վերացել է այդպիսի միջանցքային լուծման սպառնալիքը։
Նա չի բացառում, որ Ռուսաստանը ևս կարող է տնտեսական օգուտներ ստանալ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումից։ Սակայն, նրա կարծիքով, Մոսկվայի հաշվարկներում աշխարհաքաղաքական շահերը գերակշռում են տնտեսական հնարավորություններին։
Այս համատեքստում Գրիգորյանը քննադատել է նաև Հայաստանի ընդդիմության դիրքորոշումները՝ ենթադրելով, որ դրանց մի մասը համահունչ է Ռուսաստանի քաղաքական մոտեցումներին։
Ո՞վ պետք է երաշխավորի Հայաստանի անվտանգությունը
TRIPP-ի շուրջ քննարկման կարևորագույն հարցերից մեկը անվտանգության երաշխիքներն են։
Արդյոք Հայաստանը պետք է ձգտի միջազգային երաշխավորների ներգրավմանը, որպեսզի Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումը կախված չլինի միայն Բաքվի քաղաքական որոշումներից։
Գրիգորյանի համոզմամբ՝ արտաքին երաշխավորների վրա հիմնված անվտանգության համակարգը Հայաստանի համար արդեն ցույց է տվել իր սահմանափակումները։
Նա նշել է, որ նախկին պաշտոնավարման ընթացքում միջազգային գործընկերների հետ քննարկումներում նկատել է նրանց զգուշավորությունը՝ անվտանգության երաշխավորի պարտավորություն ստանձնելու հարցում։
Գրիգորյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ևս խուսափել են նման պատասխանատվությունից՝ գիտակցելով դրա հնարավոր հետևանքները։
Նրա առաջարկած այլընտրանքը փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է։
«Երաշխիքներն ավելի շատ ապաշրջափակումն են, երաշխիքներն ավելի շատ սահմանազատումն է, փոխշահավետ տնտեսական համագործակցությունները», – ասել է Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե TRIPP-ի գործարկմամբ շահագրգռված լինեն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և մյուս գործընկերները, այդ փոխադարձ շահերը կարող են նպաստել նախագծի կայունությանը։
Այս մոտեցմամբ՝ անվտանգությունը պետք է ապահովվի ոչ այնքան երրորդ երկրների ստանձնած պարտավորություններով, որքան այնպիսի տնտեսական հարաբերություններով, որոնց խաթարումը ձեռնտու չի լինի մասնակիցներին։
Միաժամանակ, այս մոդելը չի վերացնում այն հարցը, թե ինչ տեղի կունենա, եթե կողմերից մեկը քաղաքական պատճառներով որոշի սահմանափակել կամ դադարեցնել հաղորդակցությունը։
«Եթե Ռուսաստանից կախվածությունը փոխարինենք Բրյուսելից կախվածությամբ, նույն պատմությունը կկրկնվի»
Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր խնդիրը ոչ թե մեկ գործընկերոջը մյուսով փոխարինելն է, այլ որևէ արտաքին կենտրոնից չափազանց մեծ կախվածությունից խուսափելը։
«Այն բոլոր կախվածությունները, որ մենք ունեցել ենք Ռուսաստանից, եթե մենք այդ կախվածություններն ունենանք Բրյուսելից կամ ցանկացած այլ երկրից, նույն պատմությունը կրկնելու ենք», – նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության նախկին համակարգի հիմնական թերությունը հենց մեկ կենտրոնից կախվածությունն էր։
Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը սպառազինության ճնշող մեծամասնությունը ձեռք էր բերում Ռուսաստանից։ Նրա ներկայացրած տվյալներով՝ նախկինում այդ ցուցանիշը հասնում էր 96 տոկոսի, սակայն ռուսական մատակարարումների խնդիրների հետևանքով Հայաստանը ստիպված է եղել դիմել Հնդկաստանին, Ֆրանսիային և այլ գործընկերների։
Նա պնդել է, որ եթե Ռուսաստանը շարունակեր անհրաժեշտ սպառազինության մատակարարումները, Հայաստանը դժվար թե նման ծավալով դիվերսիֆիկացներ գնումները։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի նախկին անվտանգության համակարգը մեծապես հիմնված էր այն ակնկալիքի վրա, որ ռազմական սպառնալիքի դեպքում ռազմավարական դաշնակիցը կմիջամտի։
Սակայն, նրա գնահատմամբ, այդ հաշվարկը չի արդարացել։
Նա նաև վիճարկել է այն տեսակետը, թե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքով։ Գրիգորյանի համոզմամբ՝ Ռուսաստանի քաղաքականությունը պայմանավորված է ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկներով, ոչ թե առանձին քաղաքական գործիչների նկատմամբ համակրանքով կամ հակակրանքով։
Սահմանադրության փոփոխությունը և Ադրբեջանի պահանջները
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջին՝ Գրիգորյանը նշել է, որ Երևանը չի քննարկում իր ներքաղաքական հարցերը Բաքվի հետ։
Միաժամանակ նա ընդունել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացում Հայաստանը փորձում է հասցեագրել նաև Սահմանադրության նախաբանի շուրջ առաջացած խնդիրը։
Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների օրակարգը գոյություն է ունեցել դեռևս մինչև Ադրբեջանի համապատասխան պահանջները։
Գրիգորյանը քննադատել է ընդդիմության այն պնդումը, թե նոր Սահմանադրությունը լինելու է «Ալիևյան»՝ նշելով, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հասարակությունն ունի խաղաղության հստակ պահանջ, իսկ քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումները ձևավորեն այդ պահանջի շուրջ։











