Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Բրյուսելում խոսել է ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ժամկետների մասին

Փաշինյանը Բրյուսելում խոսել է ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ժամկետների մասին

Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոյեմբերի 3-ին Բրյուսելում՝ Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում։

«Հաջորդ տարին կարող է իրատեսական լինել։ 2028 թվականը նույնպես կարող է իրատեսական լինել։ Մենք սկսել ենք գործընթաց, որը մեզ կհանգեցնի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու վերաբերյալ վերջնական որոշման կայացմանը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը ԵՄ անդամակցությունը ներկայացրել է որպես Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված ռազմավարական ընտրություն։

«Մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը հանգամանքներով պայմանավորված հարց չէ։ Դա ռազմավարական ընտրություն է։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերներից մեկն է եղել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման գործում»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանի և նրա քաղաքացիների համար այլընտրանք ստեղծել։

«Մեր առաջնային նպատակն է այլընտրանք ստեղծել Հայաստանի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ավանդաբար մեր հասարակության և գուցե նաև մեր հարևանների շրջանում ընկալում է եղել, որ Հայաստանը այլընտրանք չունի»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է բազմազանեցնել իր քաղաքական և տնտեսական կապերը։

Euronews-ի հարցին՝ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը կարող է դառնալ «հաջորդ Ուկրաինան», Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի նպատակը սեփական անկախության ամրապնդումն է։

«Մեր նպատակն է նոր մակարդակի բարձրացնել, զարգացնել մեր անկախությունը։ Եվ դա օրինական նպատակ է։ Ոչ ոք չի կարող սահմանափակել Հայաստանի ձգտումը՝ դառնալու ավելի անկախ և ավելի ինտեգրված երկիր»,- հայտարարել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում