Խցանումների հիմնական պատճառները. քաղաքապետը ներկայացրել է իրավիճակն ու լուծումները

Շուտով շրջանառության մեջ կդրվի Երևանի տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արտապատվիրակել քարշակման ծառայությունները՝ սխալ կայանված մեքենաների հարցն օպերատիվ լուծելու նպատակով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ։
Քաղաքապետը մանրամասնել է խցանումների երեք հիմնական պատճառները, որոնցից առաջինը մեքենաների թվի շեշտակի աճն է։ Ըստ նրա՝ միայն մայրաքաղաքում տարեկան մոտ 12,000 նոր մեքենա է գրանցվում, և նույնքան էլ՝ հարակից մարզերում, ինչը ծանրաբեռնում է երթևեկությունը։
«Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12,000 ավտոմեքենա է գրանցվում և բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում և նաև հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները, այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում»,- նշել է քաղաքապետը։
Որպես երկրորդ խնդիր Ավինյանը մատնանշել է վարման մշակույթը, երբ վարորդները, խախտելով կանոնները, կանգնում են խաչմերուկների մեջտեղում և կաթվածահար անում երթևեկությունը։ Նա նշել է, որ սա էական դեր ունի խցանումների առաջացման հարցում։
«Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է. ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջին վայրկյանին այնտեղ լույսի տակով անցած մարդը գնում է և կանգնում է խաչմերուկի մեջտեղում և դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք»,- ասել է Ավինյանը։
Քաղաքային իշխանության տեսլականը հանրային տրանսպորտի գերակայությունն է, որը պետք է ունենա առանձնացված գծեր և դառնա տեղաշարժման ամենահարմար միջոցը։ Քաղաքապետը հույս է հայտնել, որ օրենսդրական լուծումները թույլ կտան էականորեն մեղմել իրավիճակը։
«Մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը։ Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր։ Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար»,- ընդգծել է Ավինյանը։
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կառավարության աջակցությամբ ձեռք բերվող 45 նոր տրոլեյբուսների ներկրումն ուշանում է, սակայն դրանք մայիսի կեսերին արդեն կլինեն Երևանում։
«45 տրոլեյբուսները, որոնք կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,- հայտնել է քաղաքապետը։










