Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի խցանումների վերաբերյալ վարչապտի տիկին Աննա Հակոբյանի քննադատությունը բնական է համարում՝ նշելով, որ երթևեկության խնդիրները նյարդայնացնում են բոլորին, այդ թվում՝ իրեն։ Քաղաքապետը միաժամանակ հայտարարել է, որ այս տարի հանրային քննարկման կներկայացվեն ավտոմեքենաների երթևեկության սահմանափակման տարբերակներ, որոնց իրականացումը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։
«Ես գնահատում եմ շատ բնական այդ ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք 10 բալանոց խցանում, իրականում դա նյարդայնացնող է և իրականում նյարդայնացնում է բոլորիս, ոչ միայն տիկին Հակոբյանին, նաև ինձ և մեր բոլոր համաքաղաքացիներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավինյանը։
Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան տեսանյութում քննադատել էր Երևանի խցանումների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ մայրաքաղաքում տեղաշարժվելու համար «տիեզերագնացի առողջություն» է պահանջվում։ Նա հարց էր բարձրացրել, թե տնտեսական աճի, շինարարության, բնակչության և ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում ինչպես պետք է լուծել երթևեկության խնդիրը՝ ընդգծելով, որ դրա լուծումը գտնելը պատասխանատու պաշտոնյաների աշխատանքային պարտականությունն է։ Հակոբյանը նաև խնդիրը համեմատել էր կառուցապատողներին շինարարական թույլտվություններ տրամադրելու հետ։
Արձագանքելով քննադատությանը՝ Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ կառույցն ինչ անելիք ունի։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանից ակնկալիքներն էականորեն մեծացել են, և քաղաքային իշխանությունը պատրաստ է ինչպես իր լիազորությունների շրջանակում աշխատանքներ իրականացնել, այնպես էլ կարգավորումների փոփոխություններ առաջարկել պետական մյուս գերատեսչություններին։
Քաղաքապետը հայտնել է, որ երթևեկության խնդիրների լուծման համար նախատեսվող փոփոխությունները վերաբերելու են դպրոցներին, ավտոմեքենաների քանակին, կանգառներին և ավտոկայանատեղիներին։ Դրանք պահանջելու են նաև կառավարության հետ համագործակցություն։
«Մեր անելիքը նվազագույնը լուծումների տեսանկյունից հանրային քննարկման դնելու առումով անպայմանորեն հենց այս տարի կանենք, իսկ մյուս տարի պլանավորում ենք փաստացի սկսել իրականացնել բոլոր այն լուծումները, որոնց վերաբերյալ կունենանք նվազագույնը որոշ շրջանակների հանրային համաձայնություն»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետի ներկայացրած հնարավոր սահմանափակումների թվում են ավտոմեքենաների զույգ և կենտ համարանիշներով երթևեկության կարգավորումը, որոշակի տարածքներ մուտք գործելու համար տուրքի ներդրումը և բնապահպանական չափանիշների կիրառումը։
Ավինյանի խոսքով՝ Երևանում ավտոմեքենաների որոշ տեսակների քանակի ավելացումն ազդում է օդում ազոտի երկօքսիդի՝ NO2-ի մակարդակի բարձրացման վրա։ Այդ համատեքստում քննարկվելու է տարբեր վարչական շրջաններում Եվրո 4, հետագայում հնարավոր է նաև Եվրո 5 բնապահպանական չափանիշների ներդրումը։
Նա պարզաբանել է, որ նման կարգավորումները պարտադիր չեն նշանակելու ավտոմեքենաների մուտքի ամբողջական արգելք։
«Դա չի նշանակում, որ մարդը իր ավտոմեքենայով չի կարող տվյալ վարչական շրջան մտնել, դա նշանակում է, որ կարողանալու է մտնել ինչ-որ սահմանափակումներով»,- ասել է քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ բոլոր տարբերակները կդրվեն հանրային քննարկման։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտիների ստեղծումն ու ավտոբուսներին մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ առավելություն տալը քննարկման ենթակա չեն։
Քաղաքապետն անդրադարձել է նաև կայանատեղիների և նոր ճանապարհների կառուցման առաջարկներին։
Նրա խոսքով՝ Երևանի փոքր կենտրոնում արդեն վերակազմակերպվում են կայանատեղիները՝ լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու նպատակով։ Որպես օրինակ նա նշել է Նալբանդյան փողոցը, որտեղ մեքենաների կայանման դիրքի փոփոխությամբ մեկ լրացուցիչ երթևեկելի գոտի է ստեղծվել։
Ավինյանը հայտնել է նաև Շահումյանի հրապարակում կայանատեղիի ներդրումային ծրագրի և քաղաքի տարբեր հատվածներում կարուսելային կայանատեղիների կառուցման նախատեսվող նախագծերի մասին։
Սակայն, նրա խոսքով, միայն նոր կայանատեղիների, թունելների կամ էստակադաների կառուցմամբ խցանումների խնդիրը չի լուծվի։ Նման ենթակառուցվածքները կարող են բարելավել երթևեկությունը որոշակի հատվածներում, բայց ավտոմեքենաների հոսքը տեղափոխել այլ հատվածներ։ Քաղաքապետը նշել է նաև, որ դրանց կառուցումը կարող է տևել երեք-չորս տարի և այդ ընթացքում լրացուցիչ դժվարություններ ստեղծել։
«Առաջինը և ամենակարևորը ավտոմեքենաների քանակի կարգավորում մեր փողոցների վրա։ Այս մեր փողոցներն են, այս չափն ունեն, այս չափից ավել ավտոմեքենա և հոսք չեն կարող սպասարկել»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև ճանապարհային կանոնների խախտումներին։ Նրա խոսքով՝ տեսախցիկներից ստացված տվյալների և արհեստական բանականության միջոցով կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ որոշ խախտումներ շղթայական խցանումներ են առաջացնում։ Ավինյանը անհրաժեշտ է համարել դրանց դեմ պայքարի խստացումը։
Անդրադառնալով բեռնատարների երթևեկության սահմանափակումներին՝ նա նշել է, որ ներկայում որոշ արգելքների խախտման համար նախատեսված է 5 հազար դրամ տուգանք։ Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունում քննարկվում է պատասխանատվության խստացումը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև բեռնատարների մուտքը ֆիզիկապես խոչընդոտող միջոցներ։
Լրագրողների հարցին՝ ինչու է պետությունը մի կողմից խրախուսում էլեկտրական ավտոմեքենաների ձեռքբերումը, մյուս կողմից առաջարկում սահմանափակել մեքենաների քանակը, Ավինյանը պատասխանել է, որ 2018 թվականից պետությունը հարկային և մաքսային արտոնություններով խրախուսել է էկոլոգիապես մաքուր տրանսպորտը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել էլեկտրական ավտոմեքենաները և բնապահպանական չափանիշներին չհամապատասխանող կամ առանց կատալիզատորի շահագործվող մեքենաները։ Քաղաքապետը նշել է, որ էլեկտրական ավտոմեքենաների համար Երևանում շարունակում են գործել կայանման արտոնություններ։
«Այո, մենք ունենք ավտոմեքենաների քանակի խնդիր և ավտոմեքենաների քանակը մենք պետք է նվազեցնենք և մենք պետք է տանք առաջնահերթություն հանրային տրանսպորտին»,- հայտարարել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում երթևեկությանը մասնակցող ավտոմեքենաների քանակն արդեն անցել է այն շեմը, որից հետո անհրաժեշտ է աշխատել այն նվազեցնելու ուղղությամբ։












