Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հերթական բարձր մակարդակի հանդիպումն անցկացնել հունիսի երկրորդ կեսին։ Այս մասին հայտնել է Փաշինյանը կառավարարությունում ճեպազրույցի ժամանակ՝ ապրիլի 9-ին։
«Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին»,- հայտնել է Փաշինյանը:
Հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրություններ կանցկացվեն։
Անդրադառնալով ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած աշխատանքային այցին՝ վարչապետը հայտնել է, որ այն շատ հաջող է գնահատում։ Ինչ վերաբերում է Պուտինի հետ բաց հանդիպման ժամանակ արած հայտարարություններին, որոնք ոչ միանշանակ արձագանք ստացան թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանի ընդդիմադիր դաշտում, Փաշինյանը համարում է, որ ոչ մի նոր բան չի ասել, ինչ ասել է՝ նախկինում արված իր հայտարարությունների արտացոլումն են եղել։
«Ոչ մի նոր բան ես Ռուսաստանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել: Այն՝ ինչ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում։
«Ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք: Մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու, և շարունակելու ենք այդ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը:
***
Ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատնանշել էր Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության տնտեսական հետևանքները՝ շեշտելով, որ «Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է»։ Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել էր ներքաղաքական հարցերին՝ նշելով, որ «ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր», և հավելել, որ կցանկանար տեսնել նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան», իսկ անձնագրերի մասով պարզաբանել էր, որ «ռուսական անձնագիր ունեցող անձինք, ՀՀ Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու»։ ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննադատությանը վարչապետը պատասխանել էր ուղղակի մեղադրանքով՝ նշելով, որ «ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին», իսկ Ղարաբաղի հարցում շեշտել էր, որ տարածքային ամբողջականության ճանաչումն արվել է այն բանից հետո, երբ «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է»։











