Հայաստանն ու Ղազախստանը երկաթուղային ոլորտն են քննարկել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին։
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակներում երկաթուղային ոլորտին։
***
Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղազախստանը, լինելով միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր դերակատար, օգոստոսից ի վեր մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ։
Փետրվարի 13-ին Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Փաշինյանի պատկերացմամբ՝ այդ երկրներից մեկը կարող է լինել Ղազախստանը։











