Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Իրանն ընդլայնում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը

Հայաստանն ու Իրանն ընդլայնում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հերքել է, թե Իրանի հետ գազային գործարքի ընդլայնումը պայմանավորված է ռուսական գազի հետագա թանկացման շուրջ մտահոգություններով։

«Մտահոգություն չկա, կա աշխատանքային պրոցես»,- հուլիսի 29-ին լրագրողներին ասել է Խուդաթյանը։

Հայաստանն ու Իրանն ընդլայնում են գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը։ Օրեր առաջ Իրանից վերադարձած Խուդաթյանը հայտնել է, որ իրանցի գործընկերների հետ ֆիքսել են, որ Իրանն ավելի շատ էլեկտրաէներգիայի կարիք ունի, Հայաստանն էլ՝ ավելի շատ գազի։

«Մեր առկա հնարավորություններն ավելի շատ են այդ ծրագիրն իրականացնելու մասով։ նկատի ունեմ խողովակի թողունակությունը, օրինակ, ավելի շատ և 400 կիլովատ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել» ,- ասել է Խուդաթյանը։

Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել, որը մանրամասներ ու ժամկետներ կքննարկի։

Հունիսին Դավիթ Խուդաթյանը վստահեցրել էր, որ քաղաքացիներն այս պահին գազի գնի թանկացման վերաբերյալ մտահոգվելու առիթ չունեն, հիմնավորելով, որ Ռուսաստանի հետ պայմանագիր կա, որի ժամկետը ձմռանից հետո է ավարտվելու։

Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին արտոնյալի փոխարեն շուկայական գնով գազ կվաճառի, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ պայմանները կփոխվեն, եթե Հայաստանն ընտրի այլ տնտեսական բլոկներ, ինչպիսին Եվրամիությունն է։

Հուլիսի 25-ին Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման արդյունքում Թեհրանն ու Երևանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ՝ էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու համար, իսկ իրանական կողմն առաջարկել է նոր առևտրային շրջանակ՝ Հայաստան բնական գազի արտահանումն ավելացնելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում