«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն «բաժանվել են»

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը որոշել են ավարտել համատեղ աշխատանքը։ Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի տարածած հաղորդագրությունից։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը համագործակցության հուշագիր էին ստորագրել փետրվարի 27-ին՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։
«Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կազմակերպություն











