Գլխավոր Լրահոս

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Գաբալայում հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականին

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Գաբալայում հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականին

Ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկանում ենք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մամուլի հաղորդագրությունից:

Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։ 

«Սահմանի այս հատումն, ինքնին, հերթական խորհրդանշական քայլն էր «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կողմից՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը։

Երկու օրվա ընթացքում տեղի ունեցան քննարկումների չորս նիստեր։ Մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ Ադրբեջանցի և հայ փորձագետները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան դիրքորոշումների և տեսլականների շուրջ։

Նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ էին անցկացրել իրենց երկրների քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Առանձին նիստի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրին այդ հանդիպումների արդյունքները՝ վեր հանելով իրենց հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները, սպասելիքներն ու տեսակետները։

Հաշվի առնելով հանրային այդ սպասելիքները՝ մասնակիցները եզրափակիչ նիստը նվիրեցին խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում իրականացվելիք համատեղ և անհատական հետագա քայլերի շուրջ մտքերի փոխանակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ապրիլի 11-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։

Երկօրյա երկխոսությունն ավարտվել է մամուլի ասուլիսով։

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա։ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատեցին իրենց մտադրությունը՝ շարունակել համատեղ ջանքերը խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Փետրվարի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել ադրբեջանցի փորձագետները։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-22-ը, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել: Այդ ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինն ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Նրանց հետ հանդիպել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում