Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցրած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի(ՀԱՕԿ) նախագահի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Գագիկ Ծառուկյանը 2004 թվականից սկսած ՀԱՕԿ-ի նախագահն է․ նա այդ պաշտոնում վերընտրվել է 2021-ի սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով։ Իսկ դատարան դիմած Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը 2025 թվականի հունվարից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։
Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է անվավեր ճանաչել 2025-ի սեպտեմբերի 9-ից Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Բացի այդ, նաև պահանջում են նույն ամսաթվից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները և նրանց կողմից ընդունված որոշումները։
Ֆեդերացիայում կարծում են՝ քանի որ 2025-ի սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ պաշտոնավարումը պետք է դադարած ճանաչել։
Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին։ ՀԱՕԿ-ը դեռ հաղորդագրություն չի տարածել հայցի հետ կապված։











