Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 26-ին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի որոշմամբ՝ ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովը կմեկնարկի ժամը 12։00-ին՝ ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում։
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել առաջիկա ընտրություններին։ Հունիսին «Podcast with Garamyan» հաղորդման ընթացքում նա ասել էր, որ պատրաստվում է շարունակել ֆուտբոլային գործունեությունը՝ առավելապես միջազգային հարթակներում։
ՀՖՖ ընտրություններին ընդառաջ
Ընտրություններին ընդառաջ՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական վեց շարժումներ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկել են հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Նրանք հայտնել են, որ առաջիկայում կներկայացնեն թիմի կազմն ու հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
Ընտրություններից առաջ փոփոխվել է նաև ՀՖՖ կանոնադրությունը։ Նոյեմբերի 4-ի արտահերթ ժողովում՝ 29 կողմ և 2 դեմ ձայներով, վերացվել են թեկնածուների՝ հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։
Կանոնադրական փոփոխությունները քննադատել են երկրպագուները։ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը կոչ էր արել ակումբներին դեմ քվեարկել կամ ձեռնպահ մնալ։ ՀՖՖ-ն իր հերթին հայտարարել էր, որ արտահերթ ժողովը հրավիրվել է անդամ ակումբների պահանջով, իսկ կանոնադրության փոփոխությունները նրանց բացառիկ իրավունքն են։
Լրատվամիջոցների հրապարակումներում փոփոխությունները կապվում են ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆի հնարավոր առաջադրման հետ։ Նա հայտնի ֆրանսիացի մախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։ Նրա առաջադրման մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Մելիքբեկյանը ՀՖՖ-ն ղեկավարում է 2019 թվականից։ Նախորդ ընտրություններում՝ 2023-ի դեկտեմբերի 23-ին, նա վերընտրվել էր՝ ստանալով 20 ձայն, իսկ նրա մրցակից Արաս Օզբիլիսը՝ 3։ Վերջին երկու տարիներին երկրպագուական շարժումները պարբերաբար պահանջել են Մելիքբեկյանի հրաժարականը՝ դժգոհելով հավաքականների արդյունքներից ու ֆեդերացիայի կառավարումից։
Տե՛ս՝ ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պահանջը վերացվել է,
Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։












