Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջարկում են ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Այս մասին ասվում է երկրպագուական շարժումների տարածած հայտարարությունում։
«Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար»,- նշված է հայտարարությունում։
Երկրպագուների համոզմամբ՝ ՀՖՖ-ն պետք է ղեկավարի ֆուտբոլային փորձ ունեցող, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ և դրա զարգացման հստակ նպատակներ ունեցող անձ։
Նրանք ընդգծում են, որ Գևորգ Ղազարյանը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, խաղացել հայկական և եվրոպական ակումբներում։ Ներկայում Ղազարյանն աշխատում է «Արարատ-Արմենիա» ակումբի մարզչական շտաբում։
Հայտարարության հեղինակները նշում են, որ նախաձեռնությունը միայն Ղազարյանի թեկնածության առաջարկմամբ չի սահմանափակվում։ Նրանք նախատեսում են նրա շուրջ համախմբել ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստների, մարզիչների, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության և սպորտային մենեջմենթի ոլորտների մասնագետների։
Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամներն ու հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
ՀՖՖ նախագահի ընտրություններն ու երկրպագուների բողոքի նախապատմությունը
ՀՖՖ նախագահի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի երկրորդ կեսին։ Ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։
Մելիքբեկյանը ՀՖՖ-ն ղեկավարում է 2019 թվականից։ Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 23-ին։ Այդ ժամանակ Մելիքբեկյանը վերընտրվել էր՝ ստանալով 20 ձայն։ Նրա մրցակիցը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն էր, որը ստացել էր 3 ձայն։ Քվեարկությանը մասնակցել էր ֆեդերացիայի 25 անդամներից 23-ը։
Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում փոփոխություններ են կատարվել ֆեդերացիայի կանոնադրությունում։ Դրանց համաձայն՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չեն հայերենի իմացությունը և վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մշտապես բնակված լինելը։
Փոփոխություններին կողմ է քվեարկել ֆեդերացիայի 29 անդամ, դեմ՝ 2-ը։
Կանոնադրական փոփոխությունները քննադատել էր նաև «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական շարժումը՝ կոչ անելով ակումբներին դեմ քվեարկել կամ ձեռնպահ մնալ։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ փոփոխությունները կարող են հնարավորություն տալ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել ֆրանսիացի Դենիս Ջորկաեֆին։ Նրա հնարավոր առաջադրման մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Դենիս Ջորկաեֆը հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։
Վերջին երկու տարիներին ֆուտբոլային երկրպագուների տարբեր շարժումներ պահանջում էին Մելիքբեկյանի հրաժարականը՝ դժգոհելով Հայաստանի հավաքականի արդյունքներից և ֆեդերացիայի կառավարումից։
Բողոքի ալիքը սկսվել էր 2024-ի հոկտեմբերին, երբ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղում 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Այդ հանդիպումից հետո պաշտոնից հեռացվեց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, իսկ երկրպագուները սկսեցին պահանջել նաև ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։
Տե՛ս՝ ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պահանջը վերացվել է։












