Անցած շաբաթվա միջինացված տվյալներով Երևան քաղաքում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակը դրան նախորդած շաբաթվա համեմատ ավելացել է 15-30 տոկոսով։ Այս մասին ապրիլի 13-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տրանսպորտում վերահսկողության խստացման թեման քննարկվել էր ապրիլի 6-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր վարորդներին՝ մասնակցել ուղեվարձի հավաքագրմանը։
Քաղաքապետի այս հանձնարարականից հետո մայրաքաղաքի հանրային տրանսպորտում լարվածությունն էականորեն աճել է։ Գրեթե ամեն կանգառում վարորդների և ուղևորների միջև վեճեր են բռնկվում։ Վարորդները ուշ են բացում հետևի դռները, որպեսզի ուղևորները բարձրանան դիմացի դռնով և վճարեն ուղեվարձը։ Սա առաջացնում է իջնող ուղևորների դժգոհությունը, ինչը հաճախ վերածվում է բղավոցների և հայհոյանքների։ Երբեմն ուղևորները հրաժարվում են վճարել ուղեվարձը՝ պատճառաբանելով, որ թանկ է (2025-ից ուղեվարձը դարձել է 150 դրամ, նախկին 100-ի փոխարեն)։
«Ուզում եմ, առաջին հերթին, իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածության կապակցությամբ։ Որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք մնում են հիմնականում անվրդով: Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել՝ հաշվի առնելով նրանց առանց այն էլ ծանր աշխատանքը և այս կարևոր վերահսկողական գործառույթի իրականացումը»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետը հայտնեց, որ բազմաթիվ միջադեպեր են եղել վարորդների և ուղևորների միջև անցնող շաբաթ։ Վարորդի նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել, որի համար երեք անձ ձերբակալվել է։
«Մենք ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ՝ շատ տհաճ միջադեպ, որը վերածվել է կռվի, և հարձակում է եղել վարորդի վրա: Ես գիտեմ, որ երեք անձինք ձերբակալվել են, և ոնց որ չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով: Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս, և իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ՝ դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ: Եվ ուզում եմ բոլորը իմանան, մեր վարորդները՝ առաջին հերթին, որ մենք նրանց հետ ենք, և մենք նրանց կողքին կանգնած ենք, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր որ, գիտեք, ոնց ասեմ՝ չվճարող մարդը, աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն, հլը մի հատ էլ ելույթներ է ունենում, հլը մի հատ էլ հորդ ու բորդ է գալիս, հլը մի հատ էլ ագրեսիվ է»,- ասաց Ավինյանը։
Դիմելով սրտացավ քաղաքացիներին՝ քաղաքապետը հորդորեց աջակցել վարորդներին՝ անպարտաճանաչ ու չվճարող քաղաքացիներից։ Ավինյանը վստահեցնում է, որ այդ կարգ ու կանոնը հաստատելուց հետո նոր տրանսպորտային միջոցներ կներկրվեն և Երևանը շատ որակով տրանսպորտ կունենա:
«Եվ մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ աջակցել վարորդին այս գործում, որովհետև հերիք եղավ, բոլ եղավ, հերիք եղավ իրոք. չափը լավ բան է ամեն ինչի մեջ։ Փաթեթավորելով՝ չգիտեմ, ասենք՝ տեսնում ես այդ վիդեոները, նայում ես՝ երիտասարդ աղջիկներ են՝ վերջին iPhone-ներով. ամոթ է, ժողովո՛ւրդ ջան։ Կամ, ասենք, մեծ մարդիկ են, երիտասարդ տղամարդիկ են, կանայք են ինչ-որ միջին տարիքի, հլը մի հատ էլ իրավունքներից են խոսում։ Ի՞նչ իրավունքից եք խոսում, սիրելինե՛րս, ի՞նչ իրավունք. միակ իրավունքը, որ այդ տեսակ մարդը ունի՝ ամոթից գետնին նայելն է։ Ի՞նչ է նշանակում՝ նստել, չվճարել, մի հատ էլ հորդուբորդ գալ»,- նշեց Ավինյանը։












