Գլխավոր Լրահոս

Բաքվի ընկալմամբ, տարածաշրջանային մարտահրավերներն Ադրբեջանի և Հայաստանի համար ընդհանուր են

Բաքվի ընկալմամբ, տարածաշրջանային մարտահրավերներն Ադրբեջանի և Հայաստանի համար ընդհանուր են

Ադրբեջանական կողմի ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանը անվտանգային առումով գտնվում են մեկ նավակի մեջ, և տարածաշրջանային մարտահրավերները երկու երկրների համար ընդհանուր են։ Այս մասին ապրիլի 13-ին հայտարարեց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ ամփոփելով Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության արդյունքները։

Մինասյանը ներկայացրեց, որ Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում  հայ և ադրբեջանցի 20+20 փորձագետները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Ուկրաինական պատերազմի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։

«Ըստ էության, երկու կողմերն էլ միակարծիք են, որ մի կողմից ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իրանի շուրջ զարգացումները ավելի այսպես լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության և խաղաղության որոշակի կղզյակ, երբ մեր շուրջ տեղի են ունենում նման բուռն զարգացումներ»,- ասաց Մինասյանը:

Փորձագետի փոխանցմամբ՝ կողմերն արձանագրել են, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերից է բխում հակամարտությունների չընդլայնումը տարածաշրջանում, հատկապես Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո սրված մտահոգությունների ֆոնին։ Նա հավելեց, որ քննարկվել է նաև Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների տապալման և իրանական ուղղությամբ տիրող անորոշության հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար, ինչպես նաև այն «անվտանգային իմունիտետը», որը ձևավորվել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ներկայիս ձեռքբերումների շնորհիվ։

«Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում, և տարածաշրջանային մարտահրավերները ընդհանուր են: Հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել: Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ ներկայիս մակարդակը երկու երկրների միջև հարաբերությունների և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրների համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել»,- նշեց Մինասյանը:

Անդրադառնալով քարոզչական դաշտին՝ Նարեկ Մինասյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը բարձրացրել է ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը։ Ըստ նրա՝ թեև բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանության մեջ նկատվում են դրական քանակական և որակական փոփոխություններ նախորդ տարվա համեմատ, սակայն ադրբեջանական պետական մեդիա դաշտում պատկերը մնում է մտահոգիչ և չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։

«Իրենց կողմից ընդունվեց, որ կա նման խնդիր, և միևնույն ժամանակ նշվեց, որ իհարկե փոփոխությունները ժամանակ են պահանջում: Միևնույն ժամանակ իրենք էլ բնականաբար մոնիտորինգ են իրականացնում հայկական մեդիաները, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի այսպես կոշտ կոնտենտի հետ կապված»,- հայտնեց Նարեկ Մինասյանը:

Ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ 

Հայ փորձագետները Հայաստանից Ադրբեջան էին մեկնել հայ-ադրբեջանական ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում