Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին՝ Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։
Հունգարիայում ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթանակ է տարել և, ըստ նախնական արդյունքների, կարող է ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Երկրում 16 տարի իշխանություն ղեկին եղած վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն ընդունել է պարտությունը և շնորհավորել կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին։
Գրեթե ամբողջությամբ հաշվարկված քվեաթերթիկների տվյալներով՝ «Տիսան» ստանում է 199 մանդատից 138-ը, ինչը թույլ է տալիս ձևավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը ստանում է 55 մանդատ, իսկ ծայրահեղ աջ «Մեր հայրենիքը»՝ վեց։
Օրբանը, չսպասելով վերջնական հաշվարկին, հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին՝ նշելով, որ արդյունքները «ցավոտ» են, սակայն իր կուսակցությունը կշարունակի ծառայել երկրին՝ արդեն ընդդիմության կարգավիճակում։











