Գլխավոր Լրահոս

Միջադեպ 74 համարի ավտոբուսում. երեք տղամարդ ծեծի են ենթարկել վարորդին

Միջադեպ 74 համարի ավտոբուսում. երեք տղամարդ ծեծի են ենթարկել վարորդին

Ապրիլի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում գործող թիվ 74 երթուղային ավտոբուսի սրահում երկու ուղևորների միջև սկսված վիճաբանությունը վերածվել է բռնության վարորդի նկատմամբ։ Ըստ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Այնուհետև նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։

Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Տրանսպորտում վերահսկողության խստացման թեման քննարկվել էր ապրիլի 6-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր վարորդներին՝ մասնակցել ուղեվարձի հավաքագրմանը։

Քաղաքապետի այս հանձնարարականից հետո մայրաքաղաքի հանրային տրանսպորտում լարվածությունն էականորեն աճել է։ Գրեթե ամեն կանգառում վարորդների և ուղևորների միջև վեճեր են բռնկվում։ Վարորդները ուշ են բացում հետևի դռները, որպեսզի ուղևորները բարձրանան դիմացի դռնով և վճարեն ուղեվարձը։ Սա առաջացնում է իջնող ուղևորների դժգոհությունը, ինչը հաճախ վերածվում է բղավոցների և հայհոյանքների։ Երբեմն ուղևորները հրաժարվում են վճարել ուղեվարձը՝ պատճառաբանելով, որ թանկ է (2025-ից  ուղեվարձը դարձել է 150 դրամ, նախկին 100-ի փոխարեն)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում