Ապրիլի 13-ին Մրգաշենում տեղի ունեցած սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Այս մասին ֆեսբուքում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է»,- հայտնել է Ավդալյանը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրներն ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:
Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:
Ապրիլի 13-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված 52–ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժն էր։
Վարչական շրջանի ղեկավարը լրագրողներին պատմել է, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։












