Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, և բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք և փորձելու ենք լուծելով առաջ գնալ։ Այս մասին ապրիլի 14-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն։ Մենք մեզանից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանի համար։ Չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, և նման մտադրություն չկա. ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն և մի պահ բարձրանում են. այդ հարցերը շատանում են, քչանում են: Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,- ասել է Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ում Հայաստանը կմնա այնքան, ինչքան կարողանա, պատասխանեց՝ եթե ըմբռնումով չմոտենան, կխոսեն այդ մասին նրանց հետ:
«Փաստացի հիմա ինչքան ժամանակ է՝ մենք փորձում ենք համատեղել: Իսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և մի գիշերվա մեջ թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին, և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»,- նշել է ԱԺ նախագահը։
***
Ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատնանշել էր Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության տնտեսական հետևանքները՝ շեշտելով, որ «Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է»։












