Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով Հայաստանը նոր շուկաներ է գտել իր արտադրանքի համար, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների խնդիրները կառավարությունը լուծել է։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ միաժամանակ հաստատելով, որ ռուսական սահմանափակումների շուրջ տնտեսական վեճը դեռ շարունակվում է։
«Ռուսաստանի Դաշնության կողմից դրված սահմանափակումների հետևանքով մենք մեզ համար բացահայտել ենք նոր շուկաներ»,- ասել է Պապոյանը՝ նշելով Եվրամիության, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրները։
Նրա խոսքով՝ արտահանման աշխարհագրության ընդլայնումը նպաստել է հայկական տնտեսության մրցունակության բարձրացմանը։
«Դա է պատճառը, որ դիվերսիֆիկացիան բավականին լավ տեմպերով ընթանում է առաջ»,- հայտարարել է նախարարը։
Լրագրողներից մեկը Պապոյանին հիշեցրել է ավելի վաղ նրա հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի հետ առևտրային խնդիրները պետք է լուծվեին։ Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու սահմանափակումները չեն վերացվել։
Պապոյանը պատասխանել է, որ կառավարությունը լուծել է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների խնդիրները։ Նրա պնդմամբ՝ գյուղմթերքը չիրացված չի մնացել, իսկ գյուղաբնակ քաղաքացիները սահմանափակումների հետևանքով խնդիրներ չեն ունեցել և չեն ունենա։
Հարցին, թե կառավարությունը որքան կարող է պետական բյուջեից շարունակել աջակցել արտադրողներին, նախարարը պատասխանել է, որ Հայաստանի բյուջեի հնարավորություններն էապես մեծացել են։ Նրա խոսքով՝ կառավարությունն աջակցություն է տրամադրում՝ արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու և արտադրողներին մրցունակ դարձնելու համար։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ առևտրային վեճին՝ Պապոյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է խնդիրը լուծել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իրավական ընթացակարգերով։
«Մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսական վեճ»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամների միջև նման վեճերը սովորական ընթացակարգի մաս են, և Հայաստանը, որպես միության լիիրավ անդամ, օգտվում է իր իրավունքներից։
Լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանի սահմանափակումները քաղաքական պատճառներ ունեն, Պապոյանը պատասխանել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը խնդիրը դիտարկում է տնտեսական և իրավական հարթությունում։
«Քաղաքական հակափաստարկը ոչ մի արդյունք տալ չի կարող»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ Հայաստանը խնդիրը լուծելու քաղաքակիրթ ճանապարհ է ընտրել և այդ մոտեցմանն այլընտրանք չի տեսնում։
Հայաստանը հոկտեմբերին դիմել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային՝ պահանջելով հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները ճանաչել առևտրային «բարիեր»։ Հոկտեմբերի 21-ին Պապոյանը հայտարարել էր, որ Երևանը համաձայն չէ ռուսական կողմի ներկայացրած հիմնավորումներին։
Որպես օրինակ նա հիշատակել էր հայկական դեղձի նկատմամբ դեռ մայիսին հայտարարված սահմանափակումը՝ հարց բարձրացնելով, թե ինչ հիմքով է այն կիրառվել մինչև դեղձի բերքահավաքի շրջանը։
Նախարարի ավելի վաղ պարզաբանմամբ՝ ԵՏՀ-ում սահմանափակումը «բարիեր» ճանաչվելու դեպքում այն կիրառած պետությունը պետք է 30 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկի խոչընդոտը վերացնելու համար։ Սակայն նման որոշման ընդունումը բարդ է ԵԱՏՄ-ում գործող ընթացակարգերի պատճառով։
Հարցի քննարկումը նախատեսված էր նոյեմբերի 3-ին, սակայն Հայաստանի նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է։ Նոյեմբերի 2-ին Պապոյանը հայտնել էր, որ հետաձգումը տեղի է ունեցել իր և ԵԱՏՄ-ում համապատասխան նախարարի պայմանավորվածությամբ՝ չբացահայտելով պատճառները։
Նոյեմբերի 6-ի ճեպազրույցում նախարարը նաև բացատրել է, որ ԵՏՀ կոլեգիայի մակարդակով հարցի քննարկումից հետո այն կարող է տեղափոխվել ավելի բարձր մակարդակ՝ անկախ նախնական քննարկման արդյունքից։
Խոսելով արտահանման ցուցանիշներից՝ Պապոյանը նշել է, որ 2026-ի հունվար-սեպտեմբերին դեպի Եվրամիություն հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 51 տոկոսով՝ 475 մլն դոլարից հասնելով 717 մլն-ի։
Նրա ներկայացմամբ՝ առավել մեծ աճ է գրանցվել դեպի Բուլղարիա, Մալթա, Ավստրիա, Լեհաստան և Էստոնիա արտահանման ուղղություններով։ Նախարարը նշել է, որ արտահանվող ապրանքների թվում են գյուղատնտեսական մթերքը, հանքահումքային արտադրանքը, սարքավորումներն ու տեխնոլոգիական արտադրանքը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքներին՝ Պապոյանը վերահաստատել է ավելի վաղ իր ներկայացրած գնահատականը, ըստ որի՝ միայն անդամակցության դադարեցման ուղղակի բացասական ազդեցությունը կարող է կազմել մոտ 0,65 տոկոս՝ առանց այլ գործոնների հաշվարկման։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առանձին հաշվի առնել նաև գազի գնի, մաքսատուրքերի և այլ տնտեսական պայմանների հնարավոր փոփոխությունները։ Պապոյանը նշել է, որ նման սցենարն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական գործոններ, և վերջնական ազդեցությունը միայն մեկ ցուցանիշով գնահատել հնարավոր չէ։
Հոկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ մյուս չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց էին ներկայացրել Հայաստանի նկատմամբ միության պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների մասին։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 15,6 տոկոսով, իսկ ռուսական գազը թանկանալ շուրջ 69 տոկոսով։
Պապոյանն ավելի վաղ սխալ էր համարել այդ հաշվարկները՝ պնդելով, որ կառավարությունն ուսումնասիրել է գազի գնի փոփոխության տարբեր սցենարներ։
Ճեպազրույցի վերջում նախարարը կրկին անդրադարձել է արտաքին տնտեսական քաղաքականությանը՝ կարևորելով հայկական արտադրանքի արտահանումը և ներդրումների ներգրավումը։
«Անցում պետք է կատարենք խաչքարային դիվանագիտությունից նորմալ դիվանագիտության»,- հայտարարել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատել նաև առևտրի զարգացման և հայկական արտադրանքի արտահանման արդյունքներով։












