Գլխավոր Լրահոս

Մինչև մարտ գազի թանկացում չի լինի, եթե քաղաքական արտակարգ զարգացումներ չլինեն․ ՀԾԿՀ նախագահ

Մինչև մարտ գազի թանկացում չի լինի, եթե  քաղաքական արտակարգ զարգացումներ չլինեն․ ՀԾԿՀ նախագահ

Հայաստանում սպառողների համար բնական գազի սակագինը առնվազն մինչև 2027-ի մարտ չի բարձրանա, եթե ֆորսմաժորային կամ քաղաքական արտակարգ զարգացումներ չլինեն։ Նույնիսկ եթե ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին բարձրանա, սպառողների համար դրա հետևանքները ձմռան ամիսներին չեն արտացոլվի սակագնում։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ գործող ընթացակարգով գազի սակագները վերանայվում են տարին երկու անգամ՝ հանձնաժողովի կամ կարգավորվող ընկերության նախաձեռնությամբ։

«Առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու։ Եթե հենց այսօր էլ դիմեն գործընկերները «Գազպրոմ»-ի գազը թանկացնելու առաջարկությամբ, դա վերաբերելի է արդեն մյուս վեց ամսվա վերանայմանը, և ձմեռն արդեն դուրս կգանք»,- ասել է Մեսրոպյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք գազի հնարավոր թանկացումն այս ձմռանը չի ազդի բնակչության վրա, ՀԾԿՀ նախագահը դրական պատասխան է տվել՝ բացառություն համարելով այն իրավիճակը, երբ Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը Հայաստան։

Մեսրոպյանը հայտնել է, որ այս պահին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական հայտ չկա։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարող է նաև մերժել հնարավոր թանկացման հայտը, եթե այն բավարար հիմնավորումներ չունենա։

«Բազմաթիվ անգամներ եղել են, որ կարգավորվող ընկերությունները դիմել են հայտով հանձնաժողովին թանկացնելու, և հանձնաժողովը մերժել է, քանի որ այդ հիմքերը չի տեսել»,- նշել է նա։

ՀԾԿՀ նախագահը բացատրել է, որ հնարավոր հայտի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել դրա բովանդակությունը, ներկայացված հաշվարկներն ու հիմնավորումները։ Առանց այդ տեղեկությունների հնարավոր չէ գնահատել թանկացման պահանջի հիմնավորվածությունը։

Միաժամանակ Մեսրոպյանն ընդունել է, որ ռուսական գազի գնի հնարավոր փոփոխության շուրջ լարվածություն և ռիսկեր կան, սակայն գործնական զարգացումներ առայժմ չկան։

«Այո, կա իրականում նման լարվածություն, ռիսկ, բայց գործնական որևէ բան չկա»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից գազի մատակարարումը հնարավոր դադարեցնելու սցենարին՝ Մեսրոպյանը հույս է հայտնել, որ Մոսկվան նման կտրուկ քայլի չի դիմի։ Նա նաև նշել է, որ «Գազպրոմ Արմենիայի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» իրավիճակները նույնացնել չի կարելի։

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե հանձնաժողովը հնարավոր սցենարներից որն է առավել հավանական համարում, և արդյոք տեղեկություններ ունի գազի այլ մատակարարների հետ ընթացող բանակցությունների մասին։

Մեսրոպյանը պատասխանել է, որ այլ երկրների հետ հնարավոր բանակցությունների կամ Ռուսաստանի քաղաքական որոշումների վերաբերյալ տեղեկություններ չունի, որոնք կարող է ներկայացնել որպես ՀԾԿՀ նախագահ։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի իրավասության շրջանակում կարող է գնահատել գազի հնարավոր թանկացման ազդեցությունը սպառողների սակագների վրա, բայց ոչ կանխատեսել ռուսական իշխանությունների որոշումները։

«Ինձ համար 30 տոկոսն էլ է իրատեսական, 69 տոկոսն էլ է իրատեսական, 300 տոկոսն էլ է իրատեսական, խողովակը փակելն էլ է իրատեսական, առհասարակ ոչ մի բան գազի հետ տեղի չունենալն էլ է իրատեսական»,- ասել է Մեսրոպյանը։

Նա այդ թվերը չի ներկայացրել որպես թանկացման կանխատեսում՝ ընդգծելով, որ չի կարող գնահատել, թե ռուսական կողմը որ տարբերակը կընտրի։

ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է նաև արևային էներգիայի հնարավորություններին։ Նրա ներկայացրած տվյալներով՝ արևային համակարգերի գումարային հզորությունը հասնում է 783 մեգավատի, իսկ հաշվառման կետերի թիվը՝ շուրջ 61 հազարի։ Սակայն, ըստ Մեսրոպյանի, այդ հզորությունը հասանելի է արևային եղանակին և որոշակի ժամերի, ուստի գազի մատակարարման բացակայության դեպքում չի կարող հիմնական լուծում լինել։

Ռուսական գազի հնարավոր թանկացման հարցն ակտիվորեն քննարկվում է հոկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացրած զեկույցից հետո։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման դեպքում գազի ներմուծման տարեկան արժեքը կարող է աճել 69 տոկոսով՝ 389 մլն դոլարից հասնելով մոտ 658 մլն դոլարի։ Սա փաստաթղթի հեղինակների հաշվարկն է, ոչ թե գազի գինը բարձրացնելու վերաբերյալ ընդունված որոշում։

Նոյեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և նման նախապատրաստություն չի սկսել։ Միաժամանակ կառավարությունը շարունակում է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքները։

Հայաստանում սպառողների համար գազի սակագները վերջին անգամ վերանայվել են հուլիսի 1-ին։ ՀԾԿՀ-ն որոշել էր դրանք թողնել անփոփոխ։ Որոշումներն ուժի մեջ են մտել օգոստոսի 1-ից։

Գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքներին նոյեմբերի 3-ին անդրադարձել էր նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ ԿԲ-ն գազի գնի փոփոխության հստակ սցենար չունի, սակայն իրականացված զգայունության վերլուծության համաձայն՝ սպառողների համար գազի գնի 10 տոկոսով բարձրացումը կարող է գնաճն ավելացնել մոտ 0,8 տոկոսային կետով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում