Կարգելվի օտարերկրյա ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը․ նախարար

Առաջարկում է արգելել օտարերկրյա հեռուստածրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող կամ պատերազմի կոչեր պարունակող բովանդակության հեռարձակումը, ինչպես նաև հստակեցնել ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցման հիմքերն ու սահմանել տուգանքներ՝ օրենքի խախտման համար: Համապատասխան նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ապրիլի 14-ին ազգային ժողովի նիստի ժամանակ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը մշակվել է Արդարադատության նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հետ համագործակցության արդյունքում: Նախարարի խոսքով՝ նոր փոփոխություններով կհստակեցվեն տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը:
«Որոշում է կայացվել, որ նախագծով կարգավորող պետական մարմնին կլիազորվի սահմանելու համապատասխան չափորոշիչներ առ այն, որ, օրինակ, պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման դեպքում այդ չափորոշիչները կսահմանվեն կարգավորող մարմնի կողմից», - նշել է Հայրապետյանը:
Անդրադառնալով ցանցային օպերատորների գործունեությանը՝ գերատեսչության ղեկավարն փաստել է, որ դաշտում վերահսկողությունը խստացվում է: Ըստ նախարարի՝ օրենքի ուժով հստակեցվում են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի կասեցնել կամ դադարեցնել տրված լիցենզիաները:
«Կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեության իրականացման համար»,- ասել է նախարարը:











