Գլխավոր Լրահոս

Հայաստանում արդարադատությունը կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են․ Փաշինյան

Հայաստանում արդարադատությունը կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրությամբ պետք է ապահովվի պետական ինստիտուտների և ժողովրդի միջև օրգանական կապը: Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը վարչապետը նշել է, որ  Հայաստանում արդարությունը, արդարադատությունը մեծամասամբ կառավարվում են այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած, չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ։ 

 «Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ էլ ուզում ես արա, այդ արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և ցավոք, երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից՝ որպես արդարություն և արդարադատություն: Սա չեմ ասում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես սա ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև ինքս էլ չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով: Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը մենք պետք է լուծենք»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ այս առումով եվրոպական կառույցների և միջազգային մի շարք ինստիտուտների հետ համագործակցության առանցքային նպատակներն են, որ լինեն թույլ տրված սխալներն ուղղելու որոշակի մեխանիզմներ:

Խոսելով Կառավարության կողմից քաղհասարակության հնչեցրած գաղափարներն ընդունելու մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ կարևոր է, որ լինի բանավեճ, քանի որ նույնիսկ ամենափայլուն գաղափարը պետք է անցնի բանավեճի միջով, որպեսզի ստանա գործնական գերազանցություն: 

«Դրա համար պետք է, այո, ամեն ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, ինքնիշխանությունը, պետության անվտանգությունն ապահովել՝ միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որ ընդունել ենք, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այն ընդունվել, ընդլայնվել է Հայաստանի և ԵՄ–ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով: Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալ-չդառնալու հարցին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի խնդիրը, նպատակը, ռազմավարությունն է՝ լինել լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ 

«Մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես հասնել այդ կետին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի գործունեությունն այս իմաստով շատ կարևոր է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում