Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր թանկացման որևէ միտում չկա, և ռուսական կողմից նման «հայտարարություն» կամ նույնիսկ «ակնարկ» չի հնչել։
«Ինչի՞ պիտի գազը թանկանա»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Ռուբինյանը։ Երբ նրան հակադարձեցին, որ նման ակնարկ արել է ՌԴ նախագահը, նա նշեց․ «Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնարկ չի արել»։
Ճշտող հարցին՝ այսինքն նման ակնարկ չի՞ հնչել, Ռուբինյանը կրկնեց․«Չի հնչել։ Գազի գինը ինչի՞ պետք է թանկանա [...]։ Դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի՞, թշնամական գործողություններ կատարի՞։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթարկվող լրատվամիջոցներ»։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է վերջին շրջանի ռուս պաշտոնյաների հայտարարությունները՝ հասկանալու՝ արդյոք հրապարակային մակարդակում գազի գնի հնարավոր փոփոխության մասին որևէ ուղիղ կամ անուղղակի խոսք եղել է։
Ինչ ասաց Պուտինը
Գազի գնի հնարավոր վերանայման թեման սկսվեց ակտիվ քննարկվել 2026թ. ապրիլի 1-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։
ՌԴ նախագահը, խոսելով Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման մասին և անդրադառնալով ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի տնտեսական համակարգերի անհամատեղելիությանը, հիշատակեց նաև գազի գնի տարբերությունը։
«…Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։ Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5»,- նշեց Պուտինը։
Պուտինը փաստացի գազի գնի հնարավոր փոփոխության մասին ուղիղ հայտարարություն չի արել, սակայն գնի տարբերությունը շեշտել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկման համատեքստում։
Մինչդեռ ռուսական Interfax-ը և պետական RIA Novosti-ն Պուտինի այս խոսքը ներկայացրին այլ կոնտեքստով։ Օրինակ՝ RIA Novosti-ն նյութը վերնագրեց «Ձեզ ասեմ անկեղծ․ ինչի մասին Պուտինը զգուշացրեց Փաշինյանին», իսկ Interfax-ը գրեց «Պուտինը Փաշինյանին հիշեցրել է, թե ինչ գնով է Հայաստանը ստանում ռուսական գազը»։
Ռուս պաշտոնյաների արձագանքը
Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ռուս պաշտոնյաներն էլ սկսեցին խոսել Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման հնարավոր հետևանքների մասին։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլի 2-ին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշեց, որ երկկողմ և ԵԱՏՄ ձևաչափերում հայկական կողմը խոսում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին և հավաստիացնում իր հավատարմությունը ԵԱՏՄ-ի։ «Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, կարելի է եզրակացնել, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ»,- ասաց նա։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում կրկնեց Պուտինի խոսքը՝ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը «տարբեր համակարգեր» են, և Երևանը «որոշակի փուլում պետք է ընտրություն կատարի»։
«Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեզ հնարավորություն է տալիս զարգանալ արագացված տեմպերով, շատ ավելի բարձր, քան ԱՊՀ միջին ցուցանիշը, և անկասկած շատ ավելի բարձր, քան այստեղ՝ Ռուսաստանի Դաշնությունում է»,- ասել է նա։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ քննարկումների նոր առիթ
Գազի գնի վերանայման շուրջ քննարկումները հատկապես ակտիվացան, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տպավորություն է թողել, թե ռուսական կողմը «վերջնագրերի» լեզվով է խոսում՝ այդ թվում ԵԱՏՄ-ի, Եվրամիության և երկաթգծի թեմաներով, և արդյոք հայկական կողմը նույնպես այդպես է ընկալել հանդիպումը։
«Այդպիսի խոսակցություններ եղել են տարիներ շարունակ, այդ թվում՝ գազի գնի հետ կապված։ Եվ պետք է ասեմ, որ եթե նման որոշում կայացվի, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից և մնացած կառույցներից»,- պատասխանեց Սիմոնյանը։
Ռուսական որոշ լրատվամիջոցներ Սիմոնյանի հայտարարությունը ներկայացրին որպես Հայաստանի կողմից հնչեցված «սպառնալիք»։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 4-ին Lenta.ru-ին տված մեկնաբանությունում, անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանը, նշեց, որ Հայաստանը փորձում է «պաշտպանվել այն իրավիճակից, որում հայտնվեց Եվրոպան, երբ հրաժարվեց ռուսական էներգակիրներից»։
«Այս հայտարարությունները ռուսական կողմից ինչ-որ արտոնություններ ստանալու փորձ են։ Նրանք առանց այդ էլ բավական շատ նման արտոնություններ ունեն։ Բայց սա զուտ եվրոպական գործընկերներին բարեկամություն ցուցադրելու տարբերակ է, ինչպես նաև փորձ՝ միաժամանակ երկու աթոռի վրա նստելու։ Երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ՝ միշտ կարելի է ընկնել»,- ասաց Վոդոլացկին։
Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ ապրիլի 6-ին արձագանքեց Սիմոնյանին՝ նրա հայտարարությունը որակելով «ոչ կոռեկտ»։ Նա ևս հիշեցրեց, որ Ռուսաստանը ներկայում գազը մատակարարում է Հայաստանին եվրոպականից զգալիորեն ցածր գնով՝ ընդգծելով, որ այդ պայմանները ստեղծում են մրցակցային առավելություններ։
«Ռուսական գազի ներկայիս գինը և՛ հզոր խթան է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման համար, և՛ երկրի սոցիալական և քաղաքական կայունության էական գործոն։ Կարծում եմ, որ հայ քաղաքական գործիչների համար արդար և ազնիվ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության այս մասշտաբը, այլ ոչ թե ենթադրություններ անել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունների մասին»,- գրեց նա։
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 8-ին ճեպազրույցի ժամանակ ժպիտով արձագանքեց, երբ նրան խնդրել էին մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Նա ևս հիշեցրեց, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է համեմատաբար ցածր գնով՝ շեշտելով էներգետիկ անվտանգության ապահովման կարևորությունը։
«Հայաստանի ղեկավարության գործն է մտածել իր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման մասին՝ սա ցանկացած պետության ղեկավարության պարտականություններից մեկն է։ Հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով գազի շուկաներում իսկական հրդեհի ֆոնին։ Հայ քաղաքական գործիչները պետք է քննարկեն Ռուսաստանի կողմից հանրապետությանը գազի գների հարցում աջակցության հարցը, այլ ոչ թե ենթադրեն գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները»,- հայտարարեց նա։
Այսպիսով, թեև պաշտոնական Մոսկվան գինը բարձրացնելու մասին ուղիղ հայտարարություն չի արել, ռուս պաշտոնյաները իրենց ելույթներում պարբերաբար անդրադարձել են Հայաստանի համար գործող գազի սակագնին՝ այն հակադրելով եվրոպական շուկայի գներին, ինչպես նաև ընդգծել են դրա նշանակությունը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար։
Միևնույն ժամանակ, այդ հայտարարությունները հնչել են Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների քննարկման համատեքստում, որտեղ նշվել է նաև տնտեսական հարաբերությունների հնարավոր վերանայման և «ընտրության» անհրաժեշտության մասին։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











