ԱԺ-ն ընդունեց օտարերկրյա հեռուստածրագրերով ներքաղաքական միջամտությունն արգելող օրենքը

ԱԺ–ն ապրիլի 16-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական այն փոփոխությունները, որով կարգելվի օտարերկրյա հեռուստածրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող կամ պատերազմի կոչեր պարունակող բովանդակության հեռարձակումը։ Նաև կհստակեցվի ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցման հիմքերն ու սահմանել տուգանքներ՝ օրենքի խախտման համար:
Փաստաթուղթը մշակվել է Արդարադատության նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հետ համագործակցության արդյունքում:
«Որոշում է կայացվել, որ նախագծով կարգավորող պետական մարմնին կլիազորվի սահմանելու համապատասխան չափորոշիչներ առ այն, որ, օրինակ, պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման դեպքում այդ չափորոշիչները կսահմանվեն կարգավորող մարմնի կողմից», - ապրիլի 14-ին նշել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Օրենքի ուժով հստակեցվում են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի կասեցնել կամ դադարեցնել տրված լիցենզիաները: Ըստ փոփոխության՝ կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեության իրականացման համար:











