Գլխավոր Լրահոս

Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն․ Սիմոնյան

Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն․ Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն: Այս մասին ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,- ասել է Սիմոնյանը:

Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների դինամիկային։

«2025-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: 

Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը ևս մեկ կարևոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները: 

Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա՝ TRIPP-ն ունի Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը և բարգավաճումը խթանելու ներուժ: 

Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական և գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:

Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, և ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։

Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական և տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:

Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին և ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:

Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը և վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տևական է: 

Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, և իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը ևս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ և բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:

Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը»,- ասել է Սիմոնյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում