Վարչապետ Նիկոլ Փաշինյանի չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստը հրապարակվի ընտրություններից հետո: Ապրիլի 18-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ տեքստի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում:
Արդարադատության նախարարը փետրվարի 4-ին 2025-ի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի և հրապարակման ենթակա կդառնա արդեն մարտին։
«Սահմանադրության տեքստին, բնականաբար, ծանոթ եմ. ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն։ Հրապարակմանը կողմ եմ, բայց խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային և կարևոր նյուանսների շուրջ, որոնք կապված են պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում։
Եվ ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու՝ այսինքն՝ աշխատանքային մակարդակով։ Բայց, ցավոք, նախընտրական շրջանը գնալով ավելի ու ավելի արագ տեմպերով մոտենում է, և մենք պլանավորում ենք մինչև այդ փորձել քննարկել ու այդ հարցերը հասցեագրել։ Բայց եթե չհասցնենք հասցեագրել, հրապարակումը կմնա ընտրություններից հետո»,- հայտնել է վարչապետը։
***
2025-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։











