Ռուսաստանի հետ պայմանավորվածություն կա՝ իրագործել նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ապրիլի 18-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր, կամ քչացել էր, և մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք»,- հայտարարել է վարչապետը:
Ապրիլի 15-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքներին, հայտարարել էր, որ այդ այցի ընթացքում ձեռք են բերվել ռազմավարական նշանակության այնպիսի պայմանավորվածություններ, որի արտահայտությունն առաջիկայում կտեսնենք։
Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ 2020-ի արցախյան պատերազմից հետո Ռուսաստանից մի քանի հարյուր միլիոնի զենք է գնել Հայաստանը, բայց անհրաժեշտ զենքը չի մատակարարվել։












