Գլխավոր Լրահոս

Տրանսպորտի օրական հավաքագրումները 37 մլն-ից հասել են 65 մլն դրամի. Տիգրան Ավինյան

Տրանսպորտի օրական հավաքագրումները 37 մլն-ից հասել են 65 մլն դրամի. Տիգրան Ավինյան

Վերահսկողական մեխանիզմների խստացման արդյունքում հանրային տրանսպորտի օրական հավաքագրումները 37 մլն դրամից հասել են շուրջ 65 մլն դրամի՝ արձանագրելով եկամուտների գրեթե կրկնակի աճ։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետի խոսքով՝ նախկինում քաղաքային իշխանությունները որոշակի հանդուրժողականություն էին ցուցաբերում առկա խնդիրների նկատմամբ, քանի որ համակարգը նոր էր ներդրված և կային տեխնիկական հարցեր։ Ավինյանը փաստել է, որ եկել է վերահսկողական մեխանիզմների միջոցով հավաքագրումներն իրականացնելու ժամանակը, և այժմ այդ պրոցեսն ընթացքի մեջ է։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ չվճարողից դարձել են վճարող, որովհետև դա էլ շատ կարևոր քայլ է և իրականում մեր գիտակցության մեջ շատ բան կարծում եմ պետք է փոխվի»,- նշել է քաղաքապետը։ 

Ավինյանը հայտնել է, որ շուտով Երևան կհասնեն 45 նոր տրոլեյբուսներ։ Բացի այդ, արդեն հայտարարվել է 170 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որոնք քաղաքը պատրաստվում է գնել տրանսպորտային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար։

Ամփոփելով վերջին երկու շաբաթվա աշխատանքը՝ քաղաքապետը արձանագրել է, որ եկամուտների ներհոսքի նման աճը մեծ արդյունք է։ Նա շնորհակալություն է հայտնել վարորդներին՝ իրենց պայմանագրային պարտականությունները համբերատար կատարելու համար, ինչպես նաև այն ուղևորներին, ովքեր տրանսպորտի ներսում աջակցում են վարորդներին և օրինական պահանջ ներկայացնում չվճարողների նկատմամբ։

Տրանսպորտում վերահսկողության խստացման թեման քննարկվել էր ապրիլի 6-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր վարորդներին՝ մասնակցել ուղեվարձի հավաքագրմանը։

Քաղաքապետի այս հանձնարարականից հետո մայրաքաղաքի հանրային տրանսպորտում լարվածությունն էականորեն աճել է։ Գրեթե ամեն կանգառում վարորդների և ուղևորների միջև վեճեր են բռնկվում։ Վարորդները ուշ են բացում հետևի դռները, որպեսզի ուղևորները բարձրանան դիմացի դռնով և վճարեն ուղեվարձը։ Սա առաջացնում է իջնող ուղևորների դժգոհությունը, ինչը հաճախ վերածվում է բղավոցների, հայհոյանքների, երբեմն նաև բռնության: Հաճախ ուղևորները հրաժարվում են վճարել ուղեվարձը՝ պատճառաբանելով, որ թանկ է (2025-ից  ուղեվարձը դարձել է 150 դրամ, նախկին 100-ի փոխարեն)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում