Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն: Այս մասին ապրիլի 18-ին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաեդ Խաթիբզադեն։
«Մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելու վրա։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման և որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ»,- ասել է Խաթիբզադեն:
Խաթիբզադեի խոսքով՝ մինչև շրջանակը չհամաձայնեցվի, ժամկետ չեն կարող որոշել։
«Զգալի առաջընթաց է գրանցվել։ Իրանին միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնելու փորձերը կանխեցին, որ հասնենք համաձայնության»։
Սկզբնական համաձայնագրի համաձայն՝ ապրիլի 8-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարվել է 14-օրյա հրադադար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։












