Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագիրն անվավեր է ճանաչվել. հօգուտ պետության կբռնագանձվի 79 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 20 տարի առաջ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված պայմանագիրը, որով Իսակովի պողոտայում գտնվող պետական հողամասը օտարվել էր մասնավոր ընկերության։ Քանի որ գույքն այլևս հնարավոր չէ ֆիզիկապես վերադարձնել պետությանը, դատարանը որոշել է ընկերությունից հօգուտ պետության բռնագանձել հողամասի արժեքը՝ շուրջ 79 մլն դրամ։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026-ի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
«Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 մլն 860 հազար դրամ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ»,- հայտնում են Դատախազությունից:
Կազմակերպություն
Տեղադրություն










