Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 20-ին մերժեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ղուկասյանը, որը մեղադրվում է խոշոր չափի կաշառք պահանջելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ, կշարունակի մնալ կալանքի տակ։
Ըստ մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, զբաղեցնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը, նախնական համաձայնության գալով համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ, Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության և այլ ապօրինի գործողությունների համար պահանջել է 4 մլն դրամ կաշառք։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշեց, որ միջնորդության հիմքում ոչ թե առողջական խնդիրներն էին, այլ դատավարական առաջընթացը։
Փաստաբանի խոսքով՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու սկզբնական հիմնավորումն այն էր, որ ազատության մեջ մնալով Ղուկասյանը կարող է ազդել վկաների վրա։ Ըստ պաշտպանի՝ արդեն իսկ հարցաքննվել է առնվազն յոթ վկա, ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ այդ ռիսկը նվազել է։
«Մենք գտնում ենք, որ դատավարական առաջընթացին զուգահեռ պետք է նվազեցվի նաև խափանման միջոցի ինտենսիվությունը։ Եթե դատարանը գտնում էր, որ մյուս վկաների մասով դեռևս ռիսկեր կան, կարող էր կիրառել տնային կալանք, որը նույնպես ազատությունից զրկում է։ Ինձ համար հասկանալի չէ դատարանի տրամաբանությունը»,- նշեց Արամայիս Հայրապետյանը։
Ապրիլի 20-ին դատարանում վկաներ են հարցաքննվել։ Անդրադառնալով հարցաքննված վկաներին՝ փաստաբանը կարծիք հայտնեց, որ նրանք գործի հետ էական առնչություն չունեն։
«Իմ տպավորությամբ՝ այս գործով ի սկզբանե ցանկություն է եղել բացառապես «նյութ ապահովել»։ Դատակոչված վկաների 50%-ին կարելի էր ընդհանրապես չհարցաքննել։ Սա արհեստականորեն ստեղծված իրավիճակ է՝ ֆոն ապահովելու համար, թե իբր գործի քննության մեծ ծավալ կա»,- հավելեց պաշտպանը։
Վարդան Ղուկասյանը նախկինում հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը ունի քաղաքական դրդապատճառներ։
Կազմակերպություն
Տեղադրություն
Թեմա










