Երևանի քաղաքապետարանը մոտ 173 մլն դրամ կուղղի Հրազդանի կիրճում՝ Աթենքի փողոցի սկզբնամասից 5,5 կմ ձգվող բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման աշխատանքներին։ Երևանի քաղաքապետարանը հաստատել է ծրագրի ֆինանսավորումը։
Ծրագրի շրջանակում կստեղծվեն զբոսայգի, սպորտային և այլ միջոցառումների անցկացման հարթակներ, ինչպես նաև կինոդիտման վայր: Նախագիծը ենթադրում է նաև տրանսպորտային և հետիոտնային ուղիների բարելավում՝ կիրճի հասանելիությունը վազորդների, հեծանվորդների և այլ այցելուների համար առավել դյուրին և անվտանգ դարձնելու նպատակով:
Ֆինանսավորումն ապահովելու համար առաջարկվում է Երևան քաղաքի 2026-ի բյուջեում Արաբկիր վարչական շրջանի մասով կատարել համապատասխան փոփոխություններ՝ 172,6 մլն դրամն ուղղելով «Պետական աջակցությամբ իրականացվող հանգստի գոտիների կառուցում և հիմնանորոգում» բյուջետային ծրագրին:
Ապրիլի 21-ին գործակարգավարական նիստի ժամանակ անդրադառնալով նախագծին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շինարարությունը շուտով կսկսվի, արդեն հաղթող կազմակերպություն կա։
«Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ մշակվել է կիրճի ամբողջական վերակենդանացման, այսպես ասած, կոնցեպտ, որն իր մեջ ներառում է տարբեր կոմպոնենտներ, և այս ծրագիրը նույնպես զետեղված է այդ ընդհանուր կոնցեպտի մեջ։ Ունենք ևս երկու կոնկրետ ծրագրեր, որոնք էլի կոնցեպտի առաջնային մաս են լինելու և սկսելու են իրականացվել շուտով։ Մեկը քայլուղի և հեծանվուղի է բավական մեծ հատվածի համար, որը նաև առաջարկվել է մասնավոր մեր գործընկերների կողմից և մասնակի նաև իրենց ֆինանսական մասնակցությամբ։ Նաև ունենալու ենք շուտով այդտեղ որոշակի հենց այն հատվածում, որտեղ որ կառուցում ենք այս սպորտային կենտրոնը. տարբեր այդտեղ գտնվող սպորտսմեններ բազմաթիվ տարիներ բարձրաձայնել են, որ կիրճում մի որևէ կետում պետք է լինի կանգառ՝ ուղղակի ամենապարզ, պրիմիտիվ ջուր գնելու հնարավորություն։ Այս կետի հարակից տարածքում նաև հետազոտելու ենք ջրային հնարավոր սպորտի զարգացման հնարավորությունները։ Դա էլ լինելու է երրորդ ծրագիրը, որն առաջնորեն սկսելու ենք իրականացնել»,- ասել է քաղաքապետը։












