Գևորգ Թոսունյան
Երևանում ծառահատումների շուրջ վերջին տարիների ամենաթեժ քննարկումները կենտրոնացել են մեկ ծառատեսակի՝ թեղիների վրա։ Քաղաքային իշխանությունը պնդում է, թե դրանք վաղուց սպառել են իրենց կենսունակությունը և վտանգ են ներկայացնում։
Քաղաքապետարանի հիմնավորումները, թե ծառերը հիվանդ են ու անկենսունակ, բախվում են ընդդիմության կոշտ քննադատությանը, որը պնդում է՝ գործընթացն ընթանում է առանց պատշաճ մասնագիտական եզրակացությունների և անհատական «անձնագրերի»։ Մինչ պաշտոնյաները հղում են անում անվտանգությանն ու ստալինյան կանաչապատման սխալներին, հարցականի տակ է մնում գլխավորը՝ որքանո՞վ է թափանցիկ այս գործելաոճը և ի՞նչ փաստարկներով է որոշվում կոնկրետ ծառի ճակատագիրը։
Ուսումնասիրելով 1930-ականներից մինչ օրս կանաչապատման պատմությունը, արխիվային որոշումներն ու գիտական հոդվածները՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է հիմնավորված մայրաքաղաքի կանաչ դիմագծի ներկայիս փոփոխությունը:
Ինչ են պնդում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ու անտառագետները
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, ՀՈԱԿ-ի անտառագետ Հասմիկ Խուրշուդյանը և գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում վստահեցնում են, որ խնդիրը թեղիները չեն, այլ որդեգրված քաղաքականությունը. այդ ծառատեսակի փոխարեն կարող էր ցանկացած այլ տեսակ լինել, և դարձյալ աղմուկ կբարձրանար։
Բեգոյանի խոսքով՝ ծառերի փոխարինման ծրագիրը վերաբերում է բացառապես մանրատերև թեղիներին:

«Որպեսզի հանրության համար ավելի հասկանալի լինի՝ խոսքը ծակծկված, բզկտված, դեղնած, որդնած ու վնասատուներ պարունակող ծառերի մասին է։ Երևանում տնկված մանրատերև թեղիները քաղաքային պայմաններում ապրում են միջինը 80 տարի, սակայն մայրաքաղաքում այդ ժամկետը կրճատվել է»,- նշեց Բեգոյանը: Գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանն էլ հավելեց, որ 1990-ականներին Երևանում ծառերը չեն ջրվել, ինչի հետևանքով դրանց կյանքի տևողությունն արհեստականորեն նվազել է։

Ըստ Բեգոյանի՝ հարավային քաղաքները մեկ-երկու տարում արագ կանաչապատելու մասին Ստալինի ծրագիրը («Сталин об озеленении южных городов») մասնագետներին ստիպել է ընտրել արագաճ տեսակներ (բարդի, թեղի), որոնք հետագայում քաղաքի համար խնդրահարույց են դարձել։ Դրանք ժամանակին պետք է փոխարինվեին, սակայն այդ ծրագիրն այդպես էլ չիրականացվեց։
Անտառագետ Հասմիկ Խուրշուդյանն էլ նշեց, որ խորհրդային տարիներին տնկանյութի մեծ պահանջարկի պատճառով քաղաքում տնկվել են անտառից հանված վայրի տնկիներ («дички из леса»):
«Բացի տեղական անտառներից (Իջևան, Շամշադին), թեղիները մեծ քանակությամբ ներկրվել են Ադրբեջանից և Վրաստանից»,- ասաց նա։
Ըստ Բեգոյանի՝ թեղիները գնալով դառնում են վտանգավոր և արդեն իսկ գույքային վնասներ են հասցրել բնակիչներին։
«2025-ին թեթև քամուց ու ձյունից մի քանի հարյուր ծառ է տապալվել։ Այդ դեպքերից մոտ 200-ով ունենք քաղաքացիների գույքային վնասի փոխհատուցման պահանջ։ Տապալված ծառերի 80 տոկոսը թեղիներ են եղել, 10 տոկոսը՝ բարդի, մյուսները՝ տարբեր այլ տեսակներ։ Ունենք նաև երկու դեպք, երբ մարդիկ հիվանդանոցում են հայտնվել. բարեբախտաբար, մահվան ելքեր չկան։ Այսինքն՝ ծառերի փոխարինումն առաջին հերթին լուծում է անվտանգային խնդիր։ Մենք կտրում ենք այն թեղիները, որոնց փոխարինողներն արդեն ունենք և համապատասխան ջրագծեր ենք անցկացրել»,- շեշտեց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Արծվի Գրիգորյանի դիտարկմամբ էլ՝ Երևանում բազմաթիվ են այն ծառերը, որոնց բունն արտաքուստ նորմալ է, սակայն սաղարթի վրա առկա են ընդամենը 2-3 կարճ ճյուղեր։
«Մենք այդ ծառերը ստուգում ենք և տեսնում, որ բունը սնամեջ է. այդ բոլոր ծառերն արդեն կորցրել են իրենց կենսունակությունը»,- ամփոփեց մասնագետը։

Արմեն Բեգոյանը ներկայացրեց նաև ծառերի հատման իրավական և վարչական սխեման, որն անցնում է մի քանի փուլով։ Գործընթացը սկսվում է վարչական շրջանի դենդրոլոգի կողմից. երբ նա արձանագրում է հատման ենթակա ծառը, լուսանկարում է այն այնպես, որ վնասվածքն ու տեղադիրքը հստակ երևան։ Լուսանկարները կցվում են ծառահատման թերթիկին, որտեղ տրվում է ծառի հակիրճ նկարագրությունը։ Փաստաթուղթը ստորագրում է վարչական շրջանի ղեկավարը, որից հետո այն ուղարկվում է ՀՈԱԿ։ Հատման հիմքերը վերջնական ստուգում է Երևանի գլխավոր դենդրոլոգը, ապա փաստաթուղթը փոխանցվում է ՀՈԱԿ-ի տնօրենին՝ ստորագրման։
Բեգոյանը նշում է, որ այն դեպքերում, երբ ծառի արտաքին տեսքը խաբուսիկ է, կիրառվում է ռեզիստոգրաֆ սարքը: Դրա միջոցով տրվում է մասնագիտական եզրակացություն, որը հաստատում է բնի ներքին փտածությունը կամ սնամեջ լինելը, նույնիսկ եթե ծառն արտաքուստ հիվանդ չի թվում:
Բացի այդ, գոյություն ունեն նաև զանգվածային ծառահատման թերթիկներ, որոնց վերաբերյալ եզրակացություն է տալիս մասնագիտական գիտատեխնիկական խորհուրդը։ Այդ սկզբունքով իրականացվեց, օրինակ, Պարոնյան փողոցի ծառերի փոխարինումը մարտի սկզբին։

Ինչ է ասում մասնագիտական գրականությունը
Թեղին (Ulmus) Երևանի ամենատարածված ծառատեսակներից է, որը լայնորեն կիրառվել է փողոցների և այգիների կանաչապատման մեջ (Աղբյուրը՝ Երևանի պետական համալսարանի շրջակայքի ծառերն ու թփերը, Ս. Գ. Նանագյուլյան ; Ա. Վ. Պողոսյան ; Ռ. Գ. Ադամյան ; Ա. Մ. Պետրոսյան, 2015թ․):
Ըստ մասագիտական գրականության՝ այն ընտրվել է իր կարևոր էկոլոգիական հատկանիշների համար. թեղին ստվերասեր է, լավ է տանում երաշտը և շրջակա միջավայրից (հատկապես ծանրաբեռնված երթևեկությամբ փողոցներից) ծանր մետաղներն ու փոշին կլանելու մեծ ունակություն ունի (Աղբյուրը՝ Ecological Assessment Of Elm Species In Yerevan, Armenia, Հասմիկ Հովհաննիսյան, Աստղիկ Գևորգյան, 2020թ․)։ Նույն աշխատության հեղինակները՝ իրականացրել թեղի տերևաշատի էկոլոգիական գնահատումը և տերևներում պարունակվող որոշ ծանր մետաղների պարունակության ուսումնասիրություն:
«Գնահատվել է ծառերի վիճակը և որոշվել տերևներում մետաղների պարունակությունը ատոմաաբսորբցիոն եղանակով։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ, բույսերի 65,4%-ը գտնվում է անմխիթար վիճակում և վարակված է վնասատուներով: Այնուամենայնիվ թեղին օժտված է շրջակա միջավայրից մետաղներ՝ հատկապես Mo, Hg և Cu կլանելու հատկությամբ»,- ասված է համառոտագրում։
Նույն մասնագիտական հոդվածը հաստատում է, որ թեղիների ամենամեծ բացասական կողմը դրանց խիստ զգայունությունն է բազմաթիվ միջատների և սնկային հիվանդությունների նկատմամբ։ Այս փաստարկը հիմնավորվում է նաև մեկ այլ աշխատությունով․ դեռևս 1960-ականների հետազոտություններն արձանագրել են, որ Երևանի դեկորատիվ տնկարկներում թեղիները զանգվածաբար ոչնչացվում և վնասվում էին տարբեր թիթեռների թրթուրների կողմից (Երևան քաղաքի դեկորատիվ տնկարկների մի քանի վնասատու թրթիռներ, Ա․ Հարությունյան, 1966թ․)։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հայաստանի կենսաբանական հանդեսի 2004-ի համարներից մեկում գիտնականներ Լիա Օսիպյանն ու Կարինե Սարգսյանն անդրադարձել են Երևանի կանաչապատման պատմությանը։
Հոդվածը հաստատում է, որ սկզբնական շրջանում սոճիները բերվում էին Գյուլագարակի տնկարանից, իսկ լայնատերև ծառատեսակների համար հաճախ օգտագործվում էին անտառից հանված վայրի տնկիներ (дички из леса):
Հոդվածագիրները հղում անելով քաղաքի կանաչապատման հիմնադրամին՝ նշում են, որ Երևանը եղել է անապատային կամ կիսանապատային գոտի, որտեղ հանրային կանաչ տարածքները մինչխորհրդային շրջանում չնչին էին (9.5-14.2 հա): Բոլոր դեկորատիվ ծառերը եղել են բերովի:

Աղբյուրը նաև հաստատում է, որ Երևանի կանաչապատման ժամանակ նախապատվությունը տրվել է արագաճ ծառատեսակներին, որոնք ճնշել են դանդաղ աճող տեսակներին: Որպես արագաճ տեսակներ հոդվածում առանձնացվում է նաև թեղին։
Ըստ աղբյուրի՝ սկզբնական շրջանում տնկվում էին արագաճ տեսակներ՝ նախատեսելով հետագայում դրանք փոխարինել ավելի արժեքավոր ծառատեսակներով, սակայն այդ ծրագիրը վիճակված չէր իրականանալու:
Հեղինակները գրում են նաև, որ որոշ տեսակներ, մասնավորապես մանրատերև թեղին (вяз мелколистный), հայտնաբերվել են որպես չափազանց փխրուն, հեշտ կոտրվող՝ առատ ձյան տեղումների ժամանակ։
Ըստ գիտական աշխատության’ Երևանի պլանաչափ կանաչապատման պատմությունը կազմում է շուրջ ութ տասնամյակ (2004թ. դրությամբ) : Հետևաբար, խորհրդային տարիներին տնկված ծառերն այժմ հատում են կամ արդեն անցել են 80 տարվա շեմը:
Աղբյուրը հաստատում է, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամը խիստ վնասել է ներքաղաքային կանաչապատմանը, ինչի արդյունքում խախտվել է բուսական համակեցությունների ամբողջականությունը։

Մեր ուսումնասիրած աղբյուրներում չի նշվում թեղիների կյանքի՝ 40-50 տարվա կենսաբանական սահմանափակում. հակառակը՝ նշվում է, որ Հայաստանում ներմուծված որոշ բույսեր, այդ թվում՝ թեղին (Ulmus minor Mill), պահպանվել են ավելի քան 200 տարի։ Ըստ գիտական պնդումների՝ ծերացմանը զուգընթաց ծառերի մոտ խախտվում է արմատ-տերև կապը, նվազում է օրգանական նյութերի սինթեզը, և սկսվում է գագաթնային չորացում։
Ինչ պարզեցինք Ազգային արխիվի հետազոտությունից
Երևան քաղաքում 1938-1950-ական թվականներին կանաչապատման գործընթացն իրականացվել է ակտիվ տեմպերով։ Խորհրդային իշխանությունը, ըստ Երևանի քաղաքային խորհրդի որոշումների ու նիստերի արձանագրությունների, կանաչապատման համար մեծ գումարներ էր հատկացնում։ Օրինակ՝ Քաղխորհրդի հերթական պլենումի՝ 1938-ի հունիսի 22-ի նիստի արձանագրության համաձայն՝ կանաչազարդման համար հատկացվել էր 2.5 մլն ռուբլի. «1938-ին կանաչազարդման համար հատկացված 2.5 մլն ռուբլին առաջին դեպքն է քաղխորհրդի իրականության մեջ, որի մեծ մասը ծախսվելու է սարալանջերի ծառազարդման և ջերմոցների վրա»։
Նիստերի արձանագրություններից հստակ երևում էր, որ որոշ հատվածներում ծառատնկման աշխատանքները արդյունք չէին տալիս. «Հարավային պողոտայում անբավարար ծառատնկում է եղել, ծառերը չորացել են, դրա համար որոշ մարդիկ ենթարկվել են պատասխանատվության»,- ասված է արձանագրություններից մեկում։
1941-ին, սակայն, կանաչապատման հատկացումը մի փոքր նվազել էր. «1941-ին կանաչապատման համար ներդրվեց 1.7 մլն ռուբլի։ Մեծ աշխատանք է կատարվել Քանաքեռի և Նորքի սարալանջերի ծառատնկման գործում»,- ասված է արձանագրություններից մեկում։

Արդեն 1950-ին մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ առաջացել էին խնդիրներ։ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1950-ի սեպտեմբերի 6-ի «Աշնանային ծառատնկման նախապատրաստական միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ «աշնանային ծառատնկումների ընթացքը ինչպես Կանաչապատման տրեստի, այնպես էլ քաղաքի շրջանային խորհուրդների գծով ընթանում է խիստ դանդաղ»։ Նույնքան դանդաղ էին ընթանում տնկման աշխատանքները նաև շրջանների ձեռնարկություններում:
Բացի այդ, որոշմամբ արգելվում էր այլ քաղաքներից ներմուծել տնկանյութեր։ Այս կետը հակասում է այն պնդումներին, որոնք անում էին ինչպես ՀՈԱԿ-ի, այնպես էլ գիտնականների կողմից։ Քաղաքային խորհուրդը արգելել է հանրապետության տարածքի մյուս քաղաքներից տնկանյութեր ներկրել։

Ինչ է ասում ընդդիմությունը
Այս նախաձեռնությանն ընդդիմացող համայնքը պնդում է, թե քաղաքային իշխանությունը հստակ գիտական հիմնավորումներ չունի գործընթացի համար։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ թեղիները տնկվել են շատ տարբեր ժամանակահատվածներում։
«2023-ից առաջ մենք Կենտրոն վարչական շրջանում իրականացրել էինք ծառերի գույքագրում և չէինք ունեցել հատման ենթակա ծառեր, սակայն դրանից հետո քաղաքային իշխանությունը Կենտրոնի ծառերի մեծ մասը կտրել է։ Նրանք չունեն եզրակացություններ, որտեղ նշված լինի, թե ծառերը որ տարիքն ունեն։ Ծառահատման տոմսերն այդ եզրակացությունները չեն»,- պնդեց Վարդանյանը։

Ըստ ավագանու ընդդիմադիր անդամի՝ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները խոսում են թեղիների խնդրից, բայց զուգահեռաբար հատում են փողոցներում տնկված այլ ծառատեսակներ ևս։
«Նրանք կտրում են թեղիներ, ակացիաներ, սոսիներ տեսանք Ամիրյան փողոցում ու հացենիներ։ Ո՞րն է տրամաբանությունը նաև հացենիները տնկելու և դրանց փոխարեն սակուրաներ տնկելու։ Ի՞նչ կապ ունեն այս ծառերն ու նրանց պատմած թեղիների մասին հեքիաթը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հոդվածի հիմնական լուսանկարը՝ Հետք մեդիա գործարանի












