Գլխավոր Լրահոս

ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 23%-ով. ՌԴ ԱԽ

ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 23%-ով. ՌԴ ԱԽ

Ռուսաստանի անվտանգության խորհուդը Հայաստանին զգուշացրել է տնտեսության 23% կրճատման մասին, եթե վերջինս անդամակցի Եվրոպական միությանը: 

«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին անդամակցելը, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%-ը, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը և գների աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով։ Ակնկալվում է էներգակիրների գների աճ»,- հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանցի պաշտոնյայի այս կանխատեսումները տեղավորվում են վերջերս՝ ապրիլի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունների համատեքստում: Բարձր մակարդակով այդ բանակցությունների ընթացքում արծարծվել էր Երևանի եվրաինտեգրման և դրա հնարավոր հետևանքների թեման: 

Հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանին 1000 խորանարդ մետր գազը մատակարարում է 177,5 դոլարով՝ այն դեպքում, երբ Եվրոպայում էներգակիրների գինը գերազանցում է 600 դոլարը, իսկ հայկական գյուղմթերքի զգալի մասն արտահանվում է Ռուսաստան, Պուտինը շեշտել էր, որ տնտեսական տեսանկյունից միաժամանակյա անդամակցությունը Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին «պարզապես անհնար է»: Արձագանքելով դրան՝ Փաշինյանը նշել էր, որ թեև երկու միություններին լիիրավ անդամակցությունն իսկապես անհամատեղելի է, սակայն ներկա փուլում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության օրակարգերը դիտարկվում են որպես համատեղելի։ ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ Երևանը շարունակելու է համատեղել այդ ուղղություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրա գործնական հնարավորությունը կա:

Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Երևանը չի կարող անգամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, ուստի եվրաինտեգրումը նախևառաջ կպահանջի կազմակերպությունից Հայաստանի հեռացում: Այնուհետև Շևցովը խոսել է հետևանքների մասին նշելով, որ այդ քայլը կնշանակի արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների և ծառայությունների միասնական պահանջների կիրառման դադարեցում, լիարժեք մաքսային վերահսկողության վերականգնում և Հայաստանից աշխատանքային միգրանտների համար արտոնյալ ռեժիմի չեղարկում: Բացի այդ, կդադարեցվեն էներգակիրների արտոնյալ մատակարարումները, իսկ բեռնափոխադրումների համար կսկսեն գործել ստանդարտ սակագներ:

ՌԴ Անվտանգության խորհրդի «ամենապահպանողական հաշվարկներով»՝ միայն ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության 15,1% անկման, արդյունաբերական արտադրությունը կկրճատվի 26,3%-ով, իսկ ներքին սպառումը՝ 14,1%-ով: Նշվում է, որ ամենամեծ վնասը կկրեն մետալուրգիան, ըմպելիքների, ծխախոտի և սննդամթերքի արտադրության ոլորտները։ Հայաստանցի գյուղատնտեսները, ըստ ռուս պաշտոնյայի, ստիպված կլինեն նոր իրացման շուկաներ փնտրել, քանի որ «մաքսատուրքերի պատճառով ապրանքները կկորցնեն իրենց մրցունակությունը»: Զուգահեռաբար, ակնկալվում է գնաճի աճ 14,3, իսկ գործազրկության աճ՝ 6,4%-ային կետով:

Տնտեսական հետևանքների երկրորդ փուլը, ըստ Շևցովի, կապված կլինի Եվրամիության չափանիշներին ադապտացվելու գործընթացի հետ։ «Հայկական արտադրանքը կբախվի շուկայի քվոտավորման և եվրոպական տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու խիստ պահանջներին, ինչն իր հերթին կպահանջի լրացուցիչ ներդրումներ: Այս գործոնների համադրությունը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի լրացուցիչ 7,7% և ներքին սպառման 7,48% անկման՝ գնաճն ավելացնելով ևս 8,3, իսկ գործազրկությունը՝ 4,1%-ային կետով»։

Ամփոփելով՝ ՌԴ ԱԽ պաշտոնյան հավելել է, որ Հայաստանի հնարավոր դուրս գալը ԵԱՏՄ-ից էական բացասական ազդեցություն չի ունենա միության անդամ մյուս երկրների վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում