ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն կարևոր են խաղաղության համար. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում կայուն խաղաղության համար առանցքային է համարել Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Ամիրբեկովը ապրիլի 22-ին այդ մասին խոսել է Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի և այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը։
Ադրբեջանցի պաշտոնյան ի թիվս այլ հարցերի, քննարկելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, խոսել է Հայաստանի հետ խաղաղությունը անշրջելի դարձնելու Բաքվի մտադրության մասին։
Ապրիլի 22-ին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին է անդրադարձել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այդ գործում առանձնացրել է երկու երկրների քաղհասարակությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումները։ Ալիևն այդ մասին նշել է Բաքվում Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը։
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների միջև հանդիպումների ձևաչափը կրում է Խաղաղության կամուրջ» անվանումը։ Այդ նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումները կայացել են Գաբալա ու Ծաղկաձոր քաղաքներում։ Հայկական կողմը մեկնել է Ադրբեջան ապրիլի 10-12-ը, իսկ ադրբեջանական պատվիրակությունը՝ փետրվարի 13-14-ը։










