Գլխավոր Լրահոս

Իմ ամենաճիշտ որոշումը և ամենամեծ սխալն «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018-ին վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր․ Սարգսյան

Իմ ամենաճիշտ որոշումը և ամենամեծ սխալն «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018-ին վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր․ Սարգսյան

Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018-ի վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր։ Սա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են։ Նա հայտարարություն է հրապարակել իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ։

«Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018-ի վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։

Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ։

Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»,- ասված է Սարգսյանի հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը հեռացել է՝ կատարելով ժողովրդի կամքը։ Նրա խոսքով՝ ութ տարի առաջ իր հրաժարականի հայտարարությունում նա մի նախադասություն էր գրել, որը «տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իր «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձ է արվել դարձնել խարան իր համար»։

«2018-ին վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան՝ հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով իմ ժողովրդի կողմից մերժում, բայց տարիների հեռավորությունից կարող եմ վստաh ասել՝ նորից կանցնեի այդ քավարանի միջով, որովհետև ես վստահ էի, որ այդպես կկանխենք որևէ աղետ:

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ։

2018-ին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ արյունահեղություն։ Իսկ այսօր՝ իմ հրաժարականից ութ տարի անց, ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում «նախկիններն» են։

Ես ենթարկվում եմ ժողովրդի նաև այս պահանջին. եթե իմ և Հանրապետականի մասնակցությունն անգամ մեկ տոկոսով նպաստելու է այսօրվա վարչակազմի վերարտադրությանը, մենք հետքայլ ենք անում, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք սթափ, առանց էմոցիաների արտահայտել իրենց կամքը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին՝ անխոչընդոտ իրականություն դարձնել ընտրություններով իշխանափոխության իրենց խոստումը։

Ես իմ ուղին սկսել եմ Արցախի ինքնապաշտպանության ուժերի ձևավորումից և իմ կյանքի ամենամեծ պատիվը համարել եմ մեր ժողովրդի հաղթանակի կերտմանը մասնակից լինելն ու այդ հաղթանակը պահպանելը։ Հանրապետական կուսակցությունն իր կառավարման շրջանում արել է ամեն ինչ՝ հանուն անվտանգ Հայաստանի և հայկական Արցախի՝ վերջին հարյուր տարվա ընթացքում հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակն արժանապատվորեն պահպանելու ու փայփայելու համար։ Անշուշտ, եղել են սխալներ ու հիասթափություններ, բայց, իմ խորին համոզմամբ, այդ սխալները ներելի ու վերականգնելի են, և դրա վկայությունն այն է, որ այսօր մենք բաց ճակատով ու մաքուր խղճով դուրս ենք գալիս մեր ժողովրդի մեջ։

Գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը չէր ցանկանում մասնակցել նաև 2021 թվականի ընտրություններին, բայց մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Ի տարբերություն ընդդիմության կողմից քարոզվող աներկբա հաղթանակի՝ սոցիոլոգիան այլ բան էր հուշում։ Մենք մասնակցեցինք այդ ընտրություններին, որպեսզի փորձենք կանխել Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը։ Ակնհայտ էր, որ 44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները։

Ամիսներ առաջ Հանրապետականն առաջարկեց իմպիչմենտի նախագիծը՝ որպես այս իշխանություններից ազատվելու միակ իրատեսական ճանապարհ։ Մեզ համար պարզ էր, որ նրանք և իրենց արտաքին հովանավորներն արդեն սկսել են կեղծել ընտրությունները՝ բանտարկելով այլախոհներին, պետական պարտքի կրկնապատկման հաշվին բյուջեից ընտրակաշառք բաժանելով ու աչք փակելով օրեցօր ահագնացող ապօրինությունների վրա։

Այս պայմաններում արդար ու մրցակցային ընտրությունները, մեր համոզմամբ, անհնարին էին։ Սակայն, ցավոք, մեր խորհրդարանական գործընկերներն ընտրեցին այլ ուղի՝ սպասելով ընտրություններին։ Ես հաջողություն եմ մաղթում նրանց այդ որոշումն արդարացնելու գործում։

Ես համոզված եմ, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին։ Հանրապետականը կշարունակի պահպանել իր ծանրակշիռ դերը՝ որպես արտախորհրդարանական ուժ՝ հանուն պատմական հիշողության, արժանապատվության և հայկական երազանքի։

Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա: Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։

Արժանապատիվ խաղաղություն, տրամաբանություն ու ներդաշնակություն մեր երկրին ու ժողովրդին»,- ասված է Սարգսյանի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում